Երեխաների համար 4000 դրամի գողություն կատարած կնոջը սպառնում է 5 տարի ազատազրկում. բողոք՝ Վճռաբեկ դատարանի մոտ
Advertisement 1000 x 90

Երեխաների համար 4000 դրամի գողություն կատարած կնոջը սպառնում է 5 տարի ազատազրկում. բողոք՝ Վճռաբեկ դատարանի մոտ

Արդեն ամիսներ շարունակ հանրությունը բարձրաձայնում է Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ «10.000 դրամ գողության» հայտնի գործի ահռելի դատական անարդարության մասին:

Այդ առիթով հոկտեմբերի 9-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի առջև կազմակերպվել էր ակցիա ՝ պահանջելու, որպեսզի վարույթ ընդունվի Հասմիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը, որով հնարավորություն կընձեռվի բեկանել Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների անարդար վճիռները և կկանխվի կնոջ ազատազրկումը 5 տարով և նրա խնամքի ներքո երեխաների զրկումը խնամողից:

Նախաձեռնության անդամ Արփինե Գալֆայանը հայտեց, որ իրականում կինը կատարել է 4000 դրամի գողություն, սակայն ստիպել են, որպեսզի գրի, թե դա եղել է 10.000 դրամ:

«Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել էր 6.5 տարվա ազատազրկման, սակայն, երբ հասարակության շրջանում աղմուկ բարձրացավ, բողոք ներկայացվեց Վերաքննիչ դատարան, ինչի շնորհիվ պատիժը մի փոքր կրճատվեց ու դարձավ 5 տարի:

Այս գործը կապ ունի աղքատության հետ, Հասմիկ Սարգսյանը միայնակ մայր է, խնամում է 4 երեխաների, որոնք անչափահաս են, ունեն առողջական խնդիրներ: Իսկ նա այդ քայլին գնացել է իր երեխաներին կերակրելու համար: Օգոստոսի 3-ից բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան, մեր պահանջն է, որպեսզի այն ընդունվի:

Նախաձեռնող խմբով բաց նամակ ենք ուղարկել բոլոր պատգամավորներին, արդարադատության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ տարբեր պահանջներով: Մեկ ամիս առաջ արդարադատության նախարարություն նաև համաներման պահանջով նամակ ենք ուղարկել, դեռ կոնկրետ պատասխան չունենք»,-մանրամասնեց Արփինե Գալֆայանը:

Արման Ղարիբյանն էլ մեջբերեց ասուլիսում Հասմիկ Սարգսյանի խոսքը, թե ինչպես է քննիչը հոգեբանական ճնշում գործադրել:

«Քննիչները գտել էին, թույլ, խոցելի կնոջ, ցանկացել դարձնել գործիք, շահագործել: Զանգել, ասել են՝ արի մեզ օգնիր, բացահայտենք այս կամ այն դեպքերը, որպեսզի այդ գործը կարճվի: Ավելին՝ քանոնը սեղմել են կոկորդին, ցուցմունք կորզել: Այսօր ՀՔԾ-ն այդ խոշտանգման վերաբերյալ քրեական գործ չհարուցելով նպաստում է, որ այս ամենը չբացահայտվի ու Հասմիկը օրենքի ուժով դատապարտվի»,-նշեց Արման Ղարիբյանը:

Նախաձեռնության անդամները հայտեցին, որ պահանջում են, որպեսզի Վճռաբեկ դատարանը գործը մեկնաբանի որպես ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կատարված արարք: Այս դեպքում մարդն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Նրանց խոսքով՝ Հասմիկ Սարգսյանը դիմել է աշխատանքի համար, բայց վատառողջ լինելու պատճառով փռում չի կարողացել աշխատել:

Փարոս չի ստացել, քանի որ մշտական բնակություն չի ունեցել:

haynews.am