Կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց մանկավարժական և վարչական պաշտոններ զբաղեցնելուն խանգարող հիվանդությունների ցանկը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ այդ ցանկը եղել է դեռևս 2017-ին, սակայն հիմա վերահաստատվում է այն: Նախարարի խոսքով՝ մարդկանց մոտ դժգոհություն կա, թե տրամադրության աֆեկտիվ անկումն, օրինակ, ինչով է խանգարում մարդուն զբաղվել մանկավարժական գործունեությամբ:
Արսեն Թորոսյանն ասել է, որ այդպիսի հիվանդությամբ տառապող մարդիկ կարող են պարբերաբար բուժզննություն անցնել և առողջանալու դեպքում շարունակել զբաղվել դրանցով:
Նախարարը նաև ասել է, որ լսողության կամ տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարող զբաղվել դիվանագիտական աշխատանքով:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարց է տվել, թե նշված հիվանդություններից մեկով տառապող անձը իրավունք ունի՞ արդյոք դիմել բուհ և ստանալ համապատասխան մասնագիտական կրթություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացել է արդարադատության նախարարի հարցին՝ ինչո՞ւ պետք է արգելվի մարդուն զբաղվել իր մասնագիտական աշխատանքով հիվանդության պատճառով:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասել է, որ ինքը չի կարող պատասխանել հարցին:
Կառավարության անդամները մեծ մասամբ դեմ են արտահայտվել հիվանդությունների նման ցանկ ձևավորելուն, քանի որ հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան, որոնք շատ հաջող զբաղվում են աշխատանքով: