Ամերիկացի գիտնականները գործվածք են մշակել, որը կարող է գույնը և վրայի պատկերը փոխել տիրոջ կողմից սմարթֆոնի հատուկ հավելվածի օգտագործման դեպքում: CNBC-ն հայտնում է, որը գյուտը կարող է կիրառվել նաև ռազմական ոլորտում:
Նորույթի հեղինակներն են Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի օպտիկայի և ֆոտոէլեկտրոնիկայի քոլեջի հետազոտողները: Նրանք կանացի պայուսակների և ուսապայուսակների մի քանի նախատիպեր են պատրաստել: Այս ապրանքների գույնը և վրայի պատկերը փոխվում է ներկառուցված կոճակը սեղմելիս կամ սմարթֆոնի հավելվածի միջոցով:
Հեռուստաալիքի պարզաբանմամբ՝ նման հատկության են հասել չափազանց բարակ լարերի միջոցով, որոնք դրված են գործվածքի թելերի մեջ: Դրանց հոսանքի մատակարարումն իրականացվում է փոքր մարտկոցով, որը կարելի է անհրաժեշտության դեպքում լիցքավորել: Հոսանքը լարին ստիպում է մի փոքր տաքանալ և գործվածքում հատուկ ներկող պիգմենտների գույնը փոխել:
Ներկայումս Ֆլորիդայից գյուտարարները՝ պրոֆեսոր Այման Աբուրեդիի ղեկավարությամբ, աշխատում են իրենց գյուտն այնպես կատարելագործել, որպեսզի այն համապատասխանի ավելի նուրբ գործվածքներին: Դրանից բացի, հետազոտողները որոշում են մարտկոցների չափերի և հզորության առավել ճիշտ հարաբերակցությունը:
Ապագայում գույնը, ջերմաստիճանը և ամրության աստիճանը փոխել կարողացող գործվածքը կարող է կիրառվել բժշկության և զինուժի հանդերձավորման մեջ: Գիտնականները հույս ունեն այսպիսի ապրանքների առաջին խմբաքանակը վաճառքի հանել օրացուցային մեկ տարուց հետո: