Արդիական թեմաներն ու տարատեսակ իրավիճակները կանանց աչքերով և մեկնաբանությամբ՝ հումորային շեշտադրմամբ. հոկտեմբերի 13-ից «Շանթ» հեռուստաընկերության եթերում մեկնարկում է Vitamin Production-ի նոր՝ Women’s Club նախագիծը: Նախագծի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանն առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին։
Պրոդյուսերի խոսքով, առաջին հայացքից Women’s Club-ը «Վիտամին» ակումբի կանացի տարբերակն է: Թեև ակումբի հայտնի տղաները նույնպես հանդես են գալիս նախագծում, առաջին պլանում կանայք են: Լիլի Մորտոն, Զառա Սահակյանը, Թամարա Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Սոնա Մաթևոսյանը, Մաշա Մատվեևան ամեն շաբաթ կներկայանան տարբեր կերպարներով և հումորային բազմապիսի իրավիճակներ կներկայացնեն: Նրանց այդ գործում կօգնեն ակումբի տղաները՝ Գոռը, Պոնչը, Գրիգը և թիմին նոր միացած Վահե Զիրոյանը:
«Նախագիծը մի կողմից «Վիտամին» ակումբի կանանց տարբերակն է, մյուս կողմից, մեզ հայտնի Comedy Women ֆորմատի: Կարելի է ասել, այդ երկուսի միջև գտնվող և յուրաքանչյուրից ինչ-որ տարրեր պարունակող ձևաչափ է: Այստեղ նույնպես կանայք մղված են առաջին պլան: Տարբերությունն այն է, որ եթե տղաների դեպքում, օրինակ, Արմուշը կամ Վաչեն կարող էին խաղալ նաև կանանց դերեր, աղջիկները տղայի դեր չեն կարող տանել: Դրանով է պայմանավորված նաև տղաների մասնակցությունը»,- ասաց պրոդյուսերը:
Տևական դադարից հետո եթեր է վերադառնում նաև Չարենցը՝ Կարեն Սահակյանը: Նա և Լուիզա Ներսիսյանը նախագծի հաղորդավարներն են. «Կին-տղամարդ և՛ կոնֆլիկտային իրավիճակները, և՛ տեսակետների տարբերությունները փորձելու ենք ներկայացնել հաղորդավարների միջոցով: Նրանք ուղղակի գծային հաղորդավարներ չեն լինելու»:
Ամբողջությամբ՝ life.tert.am