ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջը՝ Մելանյա Թրամփին, չեն անհանգստացնում ԶԼՄ-ների հրապարակումներն իր ամուսնու արտամուսնական կապերի վերաբերյալ, որոնք նա համարում է ոչ ավելի, քան ասեկոսեներ:
Այդ մասին Մելանյան հայտարարել է ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է հոկտեմբերի 12-ին: Հարցազրույցը ձայնագրվել էր հոկտեմբերի սկզբին Աֆրիկայի երկրներ առաջին տիկնոջ կատարած ուղևորության ժամանակ: Պետության ղեկավարի կնոջը խնդրել են մեկնաբանել այլ կանանց հետ իր ամուսնու կապերի վերաբերյալ ամերիկյան ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումները:
«Ես չեմ անհանգստանում և իմ ուշադրությունը չեմ կենտրոնացնում դրա վրա: Ես որպես մայր և որպես առաջին տիկին ավելի կարևոր առիթներ ունեմ խորհրդածությունների ու կոնկրետ գործերի համար: Ես գիտեմ, որ մարդկանց ու ԶԼՄ-ներին դուրս է գալիս մեր ամուսնության հետ կապված շահարկումները»,- նշել է առաջին տիկինը:
«Իհարկե, դա ոչ միշտ է հաճելի: Սակայն ես գիտեմ՝ ինչն է ճիշտ և ինչը՝ ոչ»,- հավելել է նա:
Մելանյան հաստատական պատասխան է տվել այն հարցին, թե սիրում է արդյոք իր ամուսնուն. «Այ՛ո, մեզ մոտ ամեն ինչ հիանալի է: Այ՛ո»: Նա հակառակի վերաբերյալ մամուլի պնդումները հավասարեցրել է «շահարկումների և ասեկոսեների հետ, որոնք ոչ միշտ են ճիշտ»: