Նա ինձ անսահման հարազատ մարդ է, իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը. Իվետա Մուկուչյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Նա ինձ անսահման հարազատ մարդ է, իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը. Իվետա Մուկուչյան. life.panorama.am

Օրերս Իվետա Մուկուչյանը ներկայացրեց իր նոր`«Մարգո» անվանումով տեսահոլովակը, և այդ առիթով  Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ:

Մեզ հետ զրույցում  Իվետան նշեց, որ այս տեսահոլովակը եռագրության առաջին մասն է: Տեսահոլովակի ինչպես առաջին հատվածը, այնպես էլ ողջ եռագրությունը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

«Այս տեսահոլավակների միջոցով փորձել եմ ներկայացնել անձնական  պատմություններիցս հատվածներ, զգացողություններ: Այստեղ պատմություններ են ուժեղացող, ձևավորվող մարդու մասին, ով թեև պարբերաբար մութ տեղեր է ընկել, ստիպված եղել դժվարությունների միջով եղել անցնել, բայց հաջողել է միշտ, կարողացել է վերին մի օգնությամբ ուժերը հավաքել ու դուրս գալ յուրաքանչյուր դժվարին իրավիճակից»,- նշեց երգչուհին։

Հատկանշականն այն է, որ եռագրության առաջին հատվածը վերնագրված և նվիրված է Իվետա Մուկուչյանի տատին` մայրիկի մորը, ով մահացել է Իվետայի ծնունդից առաջ։ Թեև նրանք հանդիպելու և շփվելու հնարավորություն չեն ունեցել, բայց, իր խոսքով, այնպիսի աննկարագրելի կապ է ստեղծվել իր և Իվետայի միջև, որ բառերով դժվար է բնութագրել։

«Նա ինձ անսահման հարազատ մարդ է, իմ խիղճը, ճիշտ դատողության ուժը»,- ընդգծեց Իվետան։

Իվետա Մուկուչյանի խոսքով` այս նախագծով ամենևին ցանկություն չի ունեցել զարմացնել վոկալային տվյալներով, երաժշտական լուծումներով։

«Սա, ավելի ճիշտ կլինի ասել, իմ արտիստական սրտի բաբախն է։ Ես ինձ հետագայում ավելի հանգիստ կզգամ գիտակցելով, որ այս ամենը պատմել եմ»,- հավելեց նա։

Երգում միքսված է նաև փոքրիկ հատված, որտեղ Իվետան կատարում է Կոմիտասի «Հով արեք սարեր ջան» երգը։

«Սա գերմանացի պրոդյուսերների ցանկությունն էր, որ անձնական պատմությունը զուգադրվեր այլ երգի մի հատվածով, որն իր մաքրությամբ ու բնույթով եզակի է։ Պետք է ասեմ, որ ինձ համար այն կարծես  կատարսիս լիներ՝ մաքրագործում»։

Հավելենք, որ Իվետա Մուկուչյանը նշեց նաև, որ մյուս տեսահոլովակների երգերը ոճային առումով տարբերվում են «Մարգո»-ից, միաժամանակ, դժվարացավ հստակեցնել, թե երբ կներկայացնի եռագրության մյուս մասերը: Ի դեպ՝ տեսահոլովակի ողջ արտադրությունն իրականացրել է «Մուկուչյան փրոդաքշն»-ը։ Տեսահոլովակում ներկայացված հագուստներով երգչուհին  քրոջ՝ Մարիաննայի հետ համատեղ է զբաղվել:

Ընդհանուր առմամբ, Իվետայի կարծիքով, այս աշխատանքն իր տեսակի մեջ յուրօրինակ ճամփորդություն է մի կնոջ ճակատագրի միջով:

life.panorama.am