Անպտուղ տղամարդիկ վաղաժամ մահվան մեծ հավանականություն ունեն. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Անպտուղ տղամարդիկ վաղաժամ մահվան մեծ հավանականություն ունեն. հետազոտություն

Անպտղությունը կարող է լինել վաղաժամ մահվան հավանականության լուրջ գործոն. անպտուղ տղամարդկանց մոտ 15 տոկոսի կյանքի միջին տևողությունը կազմում է ընդամենը 48,8 տարի: Այս մասին նշված է Դանիայից գիտնականների նոր հետազոտության մեջ, որի արդյունքները ներկայացվել են Դենվերում անցկացվող Վերարտադրողական բժշկության ամերիկյան միության գիտաժողովում

Խոսքը բոլոր անպտուղ տղամարդկանց մասին չէ, այլ նրանց, ովքեր բախվել են ազոոսպերմիայի՝ սերմնաժայթքման մեջ կենսունակ սերմնաբջիջների բացակայություն:

Հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Կլարա Հելեն Գլեյզերը նշել է, որ գործընկերների հետ վերլուծել են 50 հազար դանիացիների տվյալները, որոնք հավաքվել են 2006-2015 թվականներին: Պարզվել է, որ ազոոսպերմիայով տառապող տղամարդկանց շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը ավելի բարձր է, քան այլ պատճառներով անպտղությամբ տղամարդկանց շրջանում:

Գիտնականների կարծիքով՝ սա կարող է կապված լինել գենետիկ գործոնների հետ, սակայն դա հաստատելու համար հետագա հետազոտություններ են անհրաժեշտ: Դրանից բացի, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ազոոսպերմիայով տղամարդկանց շրջանում դիտվում է սիրտ-անոթային հիվանդությունների և դիաբետի զարգացման մեծ հավանականություն:

Հետազոտության տվյալներով՝ ազոոսպերմիայով տղամարդկանց մոտ քաղցկեղից կամ սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը 2 անգամ մեծ է: Միաժամանակ, օլիգոսպերմիայով (սերմնահեղուկում սերմնաբջիջների անբավարար քանակություն) տղամարդկանց մոտ մահվան մեծ հավանականություն չի դիտվել: Սա է հետազոտության նորությունը, քանի որ նախկինում տղամարդու անպտղության բոլոր տեսակները միասին էին դիտարկվում:

med.news.am