Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կատարյալ ու անթերի կազմակերպելու համար:
Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի հետ զրույցում Մակրոնը նշել է, որ իսկական մարտահրավեր էր ունենալ այսքան քիչ ժամանակ և այդքան լավ կազմակերպել ամեն ինչ:
«Այստեղ նաև շատ հուզիչ էր փողոցում մարդկանց ընդունելությունը: Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այն թիմին, որն աշխատել է ձեր հիանալի ընդունելության համար, որով մեզ հյուրընկալեցիք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:
Անդրադառնալով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, Մակրոնն ասել է, որ Ազնավուր լսում է փոքրուց: «Նրա մահից 15 օր առաջ ճաշել ենք միասին: Ես մեծ հիացմունք ունեմ իր հանդեպ: Շատ երգեր կան, որ խորապես սիրում եմ, բայց «Լա Բոհեմ»-ն իմ ամենանախընտրելին է»,- ասել է Մակրոնը: