«Կարևորը առաջին քայլն էր. չէ որ ամենաերկար ճանապարհը սկսվում է հենց առաջին քայլից»
Advertisement 1000 x 90

«Կարևորը առաջին քայլն էր. չէ որ ամենաերկար ճանապարհը սկսվում է հենց առաջին քայլից»

Վրեժ Սարուխանյանի հրապարակումը.

«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ հանդիպելու և մտերմիկ զրուցելու հրաշալի առիթ ունեցա: Երկու օր առաջ Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կարելսոնի հետ աշխատանքի բերումով հանդիպեցինք և նրան նվիրեցի հայ ժողովրդի մեծ բարեկամ, էստոնուհի Աննա Հեդվիգ Բյուլի մասին «Իմ սիրտը հայ է» յոթ լեզուներով գիրքս: Երբ նրան խնդրեցի գիրքս փոխանցել նաև իր երկրի նախագահին, նա ինձ ժպիտով պատասխանեց՝ «Ավելի ճիշտ ու գեղեցիկ կլինի, եթե դու որպես հեղինակ անձամբ նվիրես ու զրուցես»: Իհարկե սիրով համաձայնվեցի, իսկ հանդիպումը նախաձեռնեց Հայաստանում Էստոնիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը: Նաև հրաշալի առիթ էր գիրքը ներկայացնելու և նվիրելու Հայաստանում էստոնական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:

Ինձ պարզապես հիացրեց Էստոնիայի նախագահի անմիջականությունը և դիմացինին մինչև վերջ լսելու բարեկրթությունը: Գիրքը ներկայացրեցի որպես մեր ժողովրդի համեստ նվերն ու երախտագիտությունը Բյուլի հիշատակին, ով ցեղասպանության տարիներին, վտանգելով իր կյանքը, փրկել է հազարավոր հայ որբ երեխաների և խնամել ու պահել: Նա ողջ կյանքը նվիրեց հայերին: Նաև հայտնեցի մտադրությունս՝ Հայաստանում Բյուլի անունով կոչել փողոց կամ որևէ հաստատություն:

Խոսքս յուրովի շարունակեց Հայաստանում Էստոնիայի պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը՝ նշելով, որ Էստոնիայում ժամանակին, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, քաղաքների կենտրոնական փողոցները անվանափոխվեցին իրենց դասականների կամ պատմական գործիչների անուններով: Փոխվեց նաև Տարտու քաղաքում Խաչատուր Աբովյանի անունը կրող փողոցի անվանումը:

Առաջարկեցինք նույն Տարտու քաղաքում մեկ այլ փողոց անվանակոչել Աբովյանի անունով: Նախագահը պատասխանեց՝ «Մեզ մոտ փողոցները անվանակոչվում են տեղական համայնքների առաջարկությամբ, օրենքն այդպիսին է»: Բայց նա հրաշալի հասկացավ այդ առաջարակության իմաստը՝ զորակցել հայ-էստոնական բարեկամության ամրապնդմանը: Կարևորը առաջին քայլն էր. չէ որ ամենաերկար ճանապարհը սկսվում է հենց առաջին քայլից»»:



Նման նյութեր