Վանաձորում թալանել են նախկին քաղաքապետի՝ դպրոցի տնօրեն աշխատող քրոջ բնակարանը. գողը կամ գողերը դռան վրա արտառոց գրություն են թողել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Վանաձորում թալանել են նախկին քաղաքապետի՝ դպրոցի տնօրեն աշխատող քրոջ բնակարանը. գողը կամ գողերը դռան վրա արտառոց գրություն են թողել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Տիգրան Թադևոսյանի որոշմամբ՝ ՀՀ Քր-օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի (գողությունը՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 5-ին, Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 3.11 շենքի բնակիչ, 60-ամյա Տիգրան Պապանյանի դիմումի փաստով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տ. Պապանյանը Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 16:30-ից մինչև 20:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դուռը կոտրելու միջոցով մտել են բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով, գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ գողը կամ գողերը տունը թալանելուց հետո դռան վրա թողել են գրություն, որում գրված է եղել. «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ: Իսկ մենք գնում ենք դբա լավը» ու մինչ ոստիկանների ու քննիչների ժամանումը, բնակարանատերերը՝ ծաղրի առարկա չդառնալու նպատակով, այդ գրությունը վերացրել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, թալանված բնակարանը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջը՝ Սուսաննա Դարբինյանին, ով Վանաձորի թիվ 30 դպրոցի տնօրենն է, իսկ նրա ամուսինը՝ Վանաձորի քաղաքապետարանի նախկին ճարտարապետն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com