Միջնադարյան Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը հայկական ճարտարապետության ուշագրավ հուշարձաններից է: Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, Որոտան գետի կիրճի եզրին գտնվող ու X-XI դարերով թվագրվող հուշարձանի վերականգնման աշխատանքներ են իրականացվել դեռևս խորհրդային տարիներին: Ընդմիջումներով դրանք շարունակվել են նաև հետագայում: Մի քանի տարի առաջ էլ նորոգվել է գավթի ծածկասալերի հատվածը: Շինարարական աշխատանքների ընթացքում տեղաշարժվել են խաչքարեր, տապանաքարեր, բեկորներ: Դրանք տևական ժամանակ ուղղակի թափված են վանական համալիրի տարածքում:
Մշակութային արժեքների պահպանությամբ մտահոգ մեր հայրենակիցներից մեկը վերջերս բարձրաձայնել էր խնդրի մասին: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հանձնարարությամբ Պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության պատասխանատուները, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Սյունիքի, Վայոց ձորի մարզային ծառայությունների, «Զորաց քարեր» արգելոցի աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են իրականացրել հուշարձանի տարածքում: Նպատակը՝ առկա խաչքարերի, տապանաքարերի բեկորների դասակարգումն ու այնպիսի վիճակի բերելն էր, որ չկորցնեն իրենց մշակութային արժեքը:
Մշակույթի նախարարության մասնագետների նախնական ուսումնասիրությունից հետո, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները դրանք տեղափոխել են վանական համալիրի մոտ: Գետնին ընկած որոշ տապանաքարեր ու խաչքարեր էլ ուղղվել ու կանգնեցվել են տեղում:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի փոխանցմամբ յուրքանչյուրս պատասխանատու է մշակութային ժառանգության նույնիսկ փոքրիկ բեկորի պահպանության համար:
«Որոտնավանքը զբոսաշրջության տեսանկյունից բավականին գրավիչ ու հետաքրքիր վայր է: Գետնին անկանոն թափված բեկորների դասակարգումը ու դրանց հետագա ճակատագրի լուծումը նոր կյանք կտա մշակութային ժառանգության այդ մասնիկներին», -ասել է Ա. Թարվերդյանը:
Ի դեպ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում տևական ժամանակ է հանրապետության մարզերում իրականացնում է ընկած խաչքարերի ամրակայման ու կանգնեցման աշխատանքներ: Արդյունքում՝ 50-ից ավելի խաչքարեր, տապանաքարեր ուղղվել և ամրակայվել են:
Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների գործակալության պետ, ճարտարապետ Արմեն Աբորյանի խոսքով Որոտնավանք վանական համալիրի տարածքում առկա են բավական արժեքավոր թևավոր խաչքարերի բեկորներ, զարդանախշերով բեկորներ: Կան բավական շատ ու արժեքավոր տապանաքարեր, տեղաշարժված տապաններ, խաչքարեր, որոնք թվագրվում են զարգացած միջնադարով /9-13-րդ դարեր/: Ուսումնասիրության ընթացքում առկա էին նաև քառակող կոթողի շինության արժեքավոր բեկորներ, որը կարելի է նախագծային հնարավորության դեպքում վերականգնել: Արմեն Աբորյանի փոխանցմամբ կան նաև հուշարձանի կամարապակի, թաղապակի, եկեղեցու քիվերի, կառույցների պատի շարի բեկորներ, բայց առանձնահատուկ են արձանագիրները, որոնք նաև պատմական տվյալներ են ներկայացնում իրենցից:
Ա. Աբրոյանի համոզմամբ վանական համալիրը մշտապես վերականգնման կարիք ունի: Արդյոք Որոտնավանքի տարածքում գտնվող հուշարձանի բեկորները, խաչքարերը կօգտագործվեն հետագա վերականգման աշխատանքների ընթացքում Ա. Աբորյանի խոսքով`հարցին հնարավոր է անդրադառնալ միայն գիտական ուսումնասիրությունից հետո:
Որոտնավանք (Վաղադնի վանք) վանական համալիրը բաղկացած է Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, հյուրատնից ու օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից: Բոլոր հուշարձանները տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝ հյուսիսային և արևելյան կողմերում, կառուցված են` տեղական բազալտի քարերով: Ս. Ստեփանոս և Ս. Կարապետ եկեղեցիներին կից սյունասրահները ծառայել են որպես իշխանական տոհմի գերեզմանատուն, որտեղ թաղված են վանքի հիմնադիրներ Շահանդուխտ թագուհին և իր որդի Սևադան: Որոտնավանքը եղել է միջնադարյան գրչության կենտրոններից: Այստեղ գործել են Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին և այլք: