Ճապոնացիներին սովորեցնում են լաց լինել աշխատավայրում և դպրոցում
Advertisement 1000 x 90

Ճապոնացիներին սովորեցնում են լաց լինել աշխատավայրում և դպրոցում

Ճապոնիայում ավելի ու ավելի մեծ թվով դպրոցներ և ընկերություններ են աշակերտներին և աշխատակիցներին հորդորում լաց լինել՝ սթրեսը վերացնելու և իրենց հոգեկան առողջությունը պահպանելու համար: Այս մասին գրել է The Japan Times-ը:

Փորձագետների կարծիքով, որոնց վկայակոչում են հիմնարկությունների ղեկավարները՝ ուրախության կամ տխրության արցունքներն օգնում են վերացնելու լարվածությունը և թուլացնելու վեգետատիվ նյարդային համակարգը: «Լացն ինքնապաշտպանություն է մշտական սթրեսից»,- պարզաբանել է Նիպոնի բժշկական համալսարանի պրոֆեսոր Ջունկո Ումիհարան:

Թերթը գրում է միջնակարգ դպրոցի ուսուցիչ Հիդեֆումի Յոշիդայի մասին, որն արդեն ավելի քան հինգ տարի լացի հատուկ դասեր է վարում: Դասերին նա մարդկանց սովորեցնում է, թե ինչպես արցունքների օգնությամբ վերացնել լարվածությունը: «Եթե դուք շաբաթը մեկ անգամ լաց եք լինում, կարող եք ապրել սթրեսից ազատ կյանքով»,- ասում է Յոշիդան: Նրա խոսքով՝ դա ավելի արդյունավետ միջոց է, քան ծիծաղը կամ քունը:

Տոհոյի համալսարանից իր գործըներոջ հետ նա շրջում է երկրով մեկ և դասախոսություններ կարդում լացի օգտի մասին: 2015 թվականին Ճապոնիայում պարտադիր են դարձրել այն ընկերությունների համար սթրեսի մակարդակի ստուգման ծրագրերը, որոնցում 50-ից ավելի մարդ է աշխատում: Այդ ժամանակվանից ի վեր տղամարդիկ սկսել են ավելի ու ավելի շատ հրավերներ ստանալ զանազան ֆիրմաներից: Ճապոնիայում գերաշխատանքներն ու սթրեսը հաճախ հանգեցնում են մարդկանց մահվան՝ կարոսիի: Սովորաբար աշխատավայրում կարոսիի պատճառ են դառնում ինսուլտներն ու ինֆարկտները սթրեսի և սաստիկ հոգնածության ֆոնին, սակայն այդ էպիզոդների մի մասը հենց ինքնասպանություններն են: Ամեն տարի գրանցվում են նման հարյուրավոր դեպքեր, ոչ պաշտոնապես հաշիվը հասնում է հազարների: