Ծխախոտի գովազդի համար՝ 800 000 դրամ տուգանք, ղեկին ծխելու համար՝ 10-50 հազար. նոր օրինագիծ
Advertisement 1000 x 90

Ծխախոտի գովազդի համար՝ 800 000 դրամ տուգանք, ղեկին ծխելու համար՝ 10-50 հազար. նոր օրինագիծ

ՀՀ առողջապահության նախարարությունը ծխելու դեմ պայքարի նոր օրինագիծ է մշակել: Այն երկարաշունչ անվանում ունի՝ «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»:

Նախագծով մի շարք սահմանափակումներ ու արգելքներ են նախատեսվում: Ոլորտին առնչվող օրենսդրական այլ փոփոխությունների նախագծերով էլ առաջարկվում է ծանրացնել տուգանքները: Իհարկե, նախորդ նախագծի համեմատությամբ, որն այդպես էլ կյանքի չկոչվեց, տույժերը համեմատաբար մեղմ են, իսկ գործող օրենսդրության համեմատությամբ՝ բավական խստացված:

Նոր օրենքի ընդունումից հետո ծխելն արգելված կլինի փակ և կիսափակ հանրային տարածքներում, այդ թվում՝ շքամուտքերում, աշխատանքային տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, բուժհաստատություններում, ուսումնական հաստատություններում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում (բացառությամբ այն հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ), բնության հատուկ պահպանվող տարածքներում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ, hյուրանոցային տնտեսության օբյեկտների տարածքներում և այլն:

18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակներ վաճառել չի թույլատրվի, ու եթե վաճառողի մոտ կասկածներ առաջանան գնորդի տարիքի վերաբերյալ, ապա նա իրավունք կունենա պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ դա չներկայացվելու դեպքում չվաճառել տվյալ ապրանքը: Նոր օրենքով չի թույլատրվի ծխախոտային արտադրատեսակները վաճառել զեղչված գներով կամ առանձին գլանակներով, անվճար ներառել սպառողական որևէ փաթեթում և այլն: Գովազդի բոլոր ձևերը նույնպես անթույլատրելի կլինեն: Ու եթե այսօր գործող օրենսդրության սողանցքները թաքնված գովազդի հնարավորությունն էին տալիս, նոր նախագծով փորձ է արվել վերացնել դա: Ըստ այդմ, նաև կարգելվի ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Այսինքն՝ շատ խանութներում ու սուպերակետներում աչքի ընկնող և ծխախոտներով բեռնված «ստենդ»-երն այլևս չեն լինի: Վաճառողները դրա փոխարեն իրենց մոտ կունենան ծխախոտի արտադրատեսակների ցանկը՝ դրանց գներով, որը կտրամադրվի չափահաս գնորդին՝ նրա պահանջով: Այդ ցանկը վաճառասրահում չի փակցվի:

Ի՞նչ տույժեր կկիրառվեն

Մինչ այս շրջանառված, բայց օրենքի ուժ չստացած նախագծի քննարկման ժամանակ խոսվում էր աստղաբաշխական՝ ընդհուպ մինչև տասը միլիոն դրամի հասնող տուգանքների անհրաժեշտության մասին: Այժմ, առավելագույն շեմը 800 հազար դրամն է: Այդքան նախատեսված է, օրինակ, ծխախոտային արտադրատեսակներ գովազդելու դեպքում: Տույժի կենթարկվի գովազդատուն: Տվյալ ապրանքի նմուշների անվճար իրացումը կպատժվի 100 հազար դրամի չափով:

Հասարակական տրանսպորտում ծխելու համար (բացառությամբ, ջրային և երկաթուղային տրանսպորտում այդ նպատակով առանձնացված հատուկ տարածքների), անձը կտուգանվի 50 հազար դրամով: Oդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների), ճոպանուղիների, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարանների, ավտոկայարանների, ավտոկայանների փակ տարածքներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, տրանսպորտի կանգառների ծածկերի տակ ծխելու համար նույնպես անձը կտուգանվի 50 հազար դրամով: Մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդն ընթացքի ժամանակ ծխելու համար կտուգանվի 10 հազար դրամով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար առավել մեծ տույժ կնախատեսվի՝ 50 հազար դրամ:

Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով, այդ թվում՝ անչափահասներին վաճառելը: Զեղչ կիրառելն, օրենքի նախագծով, առավել ծանր «հանցանք» է համարվում և դրա համար նախատեսվող տույժը 200 հազար դրամ է: Նույնքան տուգանք կկիրառվի վաճառասրահներում դրանք ցուցադրելու համար:

Իսկ եթե վերը նշված տարածքներում ու շինություններում՝ առողջապահական ու կրթական հաստատություններ, աշխատանքային տարածքներ և այլն, խախտվեն ծխելն արգելող կանոնները, ապա ֆիզիկական անձանց դեպքում նախատեսվող տուգանքը 50 հազար դրամ է, պաշտոնատար անձանց դեպքում՝ 200 հազար:

Ակնկալվում է կրճատում՝ տարեկան 1.5-2 տոկոսով

Հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի ազգային օրն էր: Առողջապահության ոլորտի պատասխանատուները, այդ օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հույս հայտնեցին, որ նոր օրինագիծն ընդունվելու և իրապես գործելու դեպքում ծխողների քանակը յուրաքանչյուր տարի կնվազի 1.5-2 տոկոսով: «Ծխելը սպանում է և վերջ»,- խնդիրը կտրուկ ձևակերպեց նախարար Արսեն Թորոսյանը: Խոսելով ծխելու դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող սահմանափակումների ու արգելքների մասին՝ նա նկատեց, որ դրանք անհրաժետ են, անկախ այն բանից՝ մարդիկ ողջունո՞ւմ են, թե՞ չէ: «Մենք հոգում ենք մարդկանց առողջության մասին՝ անկախ նրանից՝ իրենք դա ուզում են, թե ոչ, ինչպես որ պահանջվում է ամրագոտիներ կապել, ինչպես որ ճանապարհներն են սարքվում»,- ասաց նախարարը:

Սպառողների ազգային ասոցիացիան 2017 թվականի նոյեմբերին հարցում է իրականացրել, ըստ որի՝ ծխողներ են եղել հարցվածների 30.3 տոկոսը: Չծխողները կազմել են 64.8 տոկոս, իսկ ծխելը թողել են հարցվածների 4.9 տոկոսը: 38.7 տոկոսը, որպես ծխելուն նպաստող գործոն, նշել են մեծերի ծխելը որպես օրինակ, 35.7 տոկոսը՝ հասակակիցների կողմից ճնշումը, 20.3 տոկոսը՝ ծխախոտի հասանելիությունը և այլն: Առողջապահության ոլորտի պատասխանատուները գտնում են, որ ծխելու դեմ պայքարը պետք է համալիր լինի՝ օրենսդրական կարգավորումներից մինչև ծխախոտի թանկ ու դժվարամատչելի գին:

Հ.Գ. Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնելու մաս-մաս:

armtimes.com