Սարգիս և Մանո Գրիգորյանների դստեր՝ Յանայի և երգչուհի Լիդուշիկի զուգերգի մասին թերթ-ն առաջինն է պատմել իր ընթերցողներին։ Օրերս նրանք տեսահոլովակ են նկարահանել զուգերգի հիման վրա։
Tert.am Life–ը ներկա է եղել նկարահանումներին և ներկայացնում է տեսահոլովակի բեքսթեյջ լուսանկարներն ու մանրամասները։
«Բարի օր» կոչվող երգի երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը, գործիքավորումն արել են Կարենը և Սևակը, տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է։ Այս աշխատանքով, ըստ էության, Լիդուշիկը Յանային է հանձնում փոքրերի աշխարհը, իսկ ինքը գնում է մեծերի աշխարհ։ Նորովի ներկայանալու համար երգչուհին նաև ոճային փոփոխություն է արել` հրաժարվելով երկար վարսերից։
Մանկական երգերով հայտնի Լիդուշիկը մտադիր է հստակ քայլեր անել մեծերի շոու բիզնեսում։ Թեև մանուկները դեռ չեն ուզում բաց թողնել 19–ամյա երգչուհուն, շուտով նա կներկայացնի նաև անհատական տեսահոլովակ, որում ևս նկատելի կլինի տարիքային անցումը։
«Վաղուց էինք մտածում ոճային փոփոխության մասին, բայց ոչ մի կերպ չէի համակերպվում երկար մազերիցս հրաժարվելու գաղափարի հետ։ Մի քանի անգամ գնացել եմ գեղեցկության սրահ` մազերս կտրելու մտքով, բայց վերջին պահին թույլ չեմ տվել կտրել, մտածում էի` այդքան խնամել եմ մազերս։ Առաջին անգամ վարսերիս չափը մի քիչ կարճացրի ընկերուհուս ծննդի խնջույքին գնալիս։ Երբ արդեն պետք է տեսահոլովակ նկարահանեինք, հասկացա, որ ոճային փոփոխություն պետք է և որոշեցի ի վերջո գնալ այդ քայլին»,– պատմեց Լիդուշիկը։ Տեսահոլովակում երգչուհին նաև առանց իր ակնոցների է ներկայանում, թեև սա մեծ փոփոխություն չի համարում, քանի որ նախկինում էլ նման փորձեր ունեցել է։
Տեսահոլովակի նկարահանումները փոքր–ինչ բարդ են ստացվել։ Նկարահանման մի քանի օր են ունեցել և բավականին երկար աշխատանք են տարել։ Մանոն շեշտում է` կարևորում են լավ տեսահոլովակով ներկայանալը։ «Ամեն ինչ փոքր–ինչ բարդ ստացվեց, քանի որ նկարահանումները ծավալուն էին։ Երեխաների հետ պարային մեծ կտոր պետք է նկարահանեինք, իսկ երեխաների հետ աշխատելը մի քիչ ավելի բարդ է։ Շատ երկար տևեց, ժամային գրաֆիկից շեղվեցինք, ինչը մի փոքր լարվածություն էր առաջացրել ինձ, մոտ, սակայն ամեն բան բարեհաջող անցավ»,– պատմեց Մանոն։
Տեսահոլովակի նկարահանումներից առաջ Մանոն բավականին հուզված էր։ Պարուհին հրաժարվել էր բեմադրել տեսահոլովակի պարը։ Ասում է, երբ շատ ես ուզում մի բան լավ անել, աշխատանքն ավելի է բարդանում. «Այս դեպքում ինձ համար ավելի հեշտ էր կողքից հետևել և կարծիք ասել։ Ես հիացած եմ Արմանով, որը բեմադրել է պարը։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի գործընկեր և ընկեր ձեռք բերեցի»։
Ամբողջությամբ՝ life.tert.am