Երեկ ուշ երեկոյան Գյումրիում արտառոց դեպք է գրանցվել: Ինչպես երեկ տեղեկացրել էր aravot.am-ը Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների:
Պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է՝ աղբ են բերել ու թափել, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։ Hraparak.am-ի հետ զրույցում Գյումրու «Թռչունյաց տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյանն էլ ասաց, որ իր տեղեկություններով՝ փոքրիկներին տեղափոխել են երեխաների խնամքի կենտրոն, որտեղ նորածինների խնամքով զբաղվող մասնագետներ կան:
«Մեզ մոտ չէին կարող բերել, քանի որ մենք նորածնային տարիքից բարձրերին ենք ընդունում: Ես առաջին անգամ եմ լսում, որ նման ձևով թողնեն երեխաներին: Մեզ մոտ գոնե ձեռքները բռնած են բերում, եղել է՝ երեխայի ձեռքը բռնած բերել են դարպասի մոտ ու թողել, ասել են՝ չենք կարողանում պահել, բայց տոպրակի մեջ դրած, դա սարսափելի է, այն էլ նորածին, լավ է չեն խեղդվել, դրա ծնողին պետք է դատեն»,-փոքր ինչ հուզված ասաց մանկատան տնօրենը: Նշենք, որ դեպքի առնչությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: