Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտի 126 կոմունաներում բնական աղետի ռեժիմ են մտցրել հեղեղումների պատճառով: Այդ մասին ասված է երկրի Journal Officiel պաշտոնական բանբերում:
«Հեղեղումների ու սողանքների հասցրած վնասի պատճառով բնական աղետի ռեժիմ մտցնելու պահանջը բավարարված է»,- նշվում է հրապարակման մեջ: Հայտարարությանը կից ցուցակում տեղ է գտել Օդի դեպարտամենտի 126 կոմունա:
Ավելի վաղ հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ տարածաշրջանի առանձին վայրերում մի քանի ժամում անձրևների եռամսյա նորմա է տեղացել: Հեղեղման սաստկացմանը նպաստում է քամին, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի և արգելակում ջրի հոսքը: Օդի դեպարտամենտում հեղեղման զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 14-ի:
Տարածաշրջանում փրկարարական գործողություններին մասնակցում են մի քանի հարյուր հրշեջներ և ժանդարմներ՝ առնվազն ութ ուղղաթիռների և ինքնաթիռի աջակցությամբ: