Նոր օրինագծով արգելված վայրերում ծխելու տուգանքները կանխարգելող նպատակ ունեն. Արսեն Թորոսյան
Advertisement 1000 x 90

Նոր օրինագծով արգելված վայրերում ծխելու տուգանքները կանխարգելող նպատակ ունեն. Արսեն Թորոսյան

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտում է, որ «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով նախատեսված տուգանքների նպատակը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ ծխելը կանխարգելելը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը, անդրադառնալով դիտարկմանը, թե նախագծով նախատեսված տուգանքները բարձր են,  ընդգծեց, որ տուգանքի չափն էական չէ: «Նպատակը ոչ թե մարդուն տուգանելն է, այլ ստիպելը, որ չխախտի օրենքը: Նպատակը ծխելը կանխարգելելն է: Ծխախոտն այն ռիսկի հիմնական գործոնն է, որը բերում է մահացության երկու պատճառներին՝ սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ: Եթե մենք ցանկանում ենք ունենալ ցածր մահացություն այս հիվանդություններից, մենք պետք է պայքարենք դրա ռիսկի գործոնի դեմ: Մեր գործողությունները պետք է դիտել միայն դրա շրջանակներում»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե օրենքի ընդունումից հետո ինչպե՞ս են վերահսկելու, որպեսզի կանխեն չնախատեսված վայրերում ծխելու դեպքերը, Թորոսյանը պատասխանեց, որ վերահսկելու են այնպես, ինչպես վերահսկվում են բազմաթիվ կանոններ մեր առօրյա գործունեության մեջ: «Հիմա էլ կինոթատրոններում, մշակութային օբյեկտներում, դպրոցներում, հիվանդանոցներում ծխելը չի թույլատրվում: Նախագծով մենք ընդլայնում ենք ցանկը, սահմանափակում ենք այն վայրերը, որտեղ կարելի է ծխել»,- մանրամասնեց Արսեն Թորոսյանը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ցանկանում են այնպես անել, որ մարդիկ քիչ հիվանդանան: Նա շեշտեց, որ կօգնեն այն մարդկանց, ովքեր ցանկանում են թողնել ծխելը, բայց չեն կարողանում:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ օրենքի նախագծի հետ կապված հարցեր կան, որոնց իրենք պարբերաբար պատասխանում են ու կպատասխանեն՝ հույս հայտնելով, որ այն համերաշխության մթնոլորտում կընդունվի Ազգային ժողովի կողմից:

«Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծով մի շարք սահմանափակումներ ու արգելքներ են նախատեսվում: Ոլորտին առնչվող օրենսդրական այլ փոփոխությունների նախագծերով էլ առաջարկվում է ծանրացնել տուգանքները:

Նոր օրենքի ընդունումից հետո ծխելն արգելված կլինի փակ և կիսափակ հանրային տարածքներում, այդ թվում՝ շքամուտքերում, աշխատանքային տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, բուժհաստատություններում, ուսումնական հաստատություններում, մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներում և խաղային պուրակներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում (բացառությամբ այն հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ), բնության հատուկ պահպանվող տարածքներում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ, hյուրանոցային տնտեսության օբյեկտների տարածքներում և այլն:

Տուգանքների առավելագույն շեմը 800 հազար դրամն է: Այդքան նախատեսված է ծխախոտային արտադրատեսակներ գովազդելու դեպքում: Տույժի կենթարկվի գովազդատուն: Տվյալ ապրանքի նմուշների անվճար իրացումը կպատժվի 100 հազար դրամի չափով:

Հասարակական տրանսպորտում ծխելու համար (բացառությամբ, ջրային և երկաթուղային տրանսպորտում այդ նպատակով առանձնացված հատուկ տարածքների), անձը կտուգանվի 50 հազար դրամով: Օդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների), ճոպանուղիների, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարանների, ավտոկայարանների, ավտոկայանների փակ տարածքներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, տրանսպորտի կանգառների ծածկերի տակ ծխելու համար նույնպես անձը կտուգանվի 50 հազար դրամով: Մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդն ընթացքի ժամանակ ծխելու համար կտուգանվի 10 հազար դրամով: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար առավել մեծ տույժ կնախատեսվի՝ 50 հազար դրամ:

Ծխախոտային արտադրատեսակների վաճառքի կանոնների խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով, այդ թվում՝ անչափահասներին վաճառելը: Զեղչ կիրառելն, օրենքի նախագծով, առավել ծանր «հանցանք» է համարվում և դրա համար նախատեսվող տույժը 200 հազար դրամ է: Նույնքան տուգանք կկիրառվի վաճառասրահներում դրանք ցուցադրելու համար:

Իսկ եթե վերը նշված տարածքներում ու շինություններում՝ առողջապահական ու կրթական հաստատություններ, աշխատանքային տարածքներ և այլն, խախտվեն ծխելն արգելող կանոնները, ապա ֆիզիկական անձանց դեպքում նախատեսվող տուգանքը 50 հազար դրամ է, պաշտոնատար անձանց դեպքում՝ 200 հազար: