Երեկ, հոկտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 43 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա Վարդան Սահակյանի վարած Opel մակնիշի 35 FT 907 համարանիշի և Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գրանցված, Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակվող 22-ամյա Աշոտ Շահնազարյանի վարած VAZ 2121 մակնիշի 35 VG 552 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 24-ամյա Արման Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա․ Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը եղել է NIVA-ի վարորդը, որը դժոխային արագությամբ վարելով ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի վթարային իրավիճակ ստեղծել ոչ միայն Opel-ի, այլ նաև մի քանի ավտոմեքենաների վարորդների համար, իսկ հետո բախվել է Opel-ին։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ NIVA-ի վարորդ Ա․ Շահնազարյանը Երևանում հայտնի է որպես մեծ արագությամբ ավտո վարելու սիրահար, համարվում է որպես «գիշերային չղջիկներից», և ընկերների հետ կարող է մայրաքաղաքի ցանկացած փողոցում «ավտոռալիներ» անել ու վտանգավոր իրավիճակներ ստեղծել վարորդների համար։ Հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ նրա կատարած բազմաթիվ ճանպարհային երթևեկության խախտումները նախկինում ճանապարհային ոստիկանները աչքաթող են արել, նրա հոր՝ Ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանի խաթեր։ Նրա հայրը ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: