Նրանց պարզապես պետք է շուտ բռնել և բանտ տանել. Վարուժան Ավետիսյանը` Հունան Պողոսյանի և Վալերիյ Օսիպյանի մասին. armlur.am
Advertisement 1000 x 90

Նրանց պարզապես պետք է շուտ բռնել և բանտ տանել. Վարուժան Ավետիսյանը` Հունան Պողոսյանի և Վալերիյ Օսիպյանի մասին. armlur.am

Նախօրեին «Սասնա Ծռեր» կուսակցությունը կառավարության կադրային քաղաքականության վերաբերյալ հայտարարություն տարածեց: Հայտարարությունում մասնավորապես նշված էր, որ չնայած «Սասնա Ծռեր» կուսակցության և հասարակության լայն շրջանակների հորդորներին` կառավարությունը շարունակում է պատասխանատու պաշտոններին նշանակել նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչներին, այդ թվում նրանց, ովքեր աչքի են ընկել իրենց դահճային բնույթով և զբաղվել են ժողովրդին կեղեքելով ու թալանելով։

«Սասնա Ծռեր»-ը հորդորեց վարչապետ Փաշինյանին ոչ միայն վերանայել նման անընդունելի կադրային քաղաքականությունը, այլև արդեն նշանակված անձանց, առաջին հերթին Վալերի Օսիպյանիn և Հունան Պողոսյանին ազատել զբաղեցրած պաշտոններից և հանձնարարել ստուգելու այդպիսի անձանց նախկին գործունեությունը` ժողովրդի և պետականության դեմ կատարած հանցագործությունների համատեքստում: «Ժողովուրդ» օրաթերթը այս ու այլ հարցերի մասին խոսել է «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, «Սասնա Ծռերը» հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշեց, թե վարչապետ Փաշինյանն առաջին հերթին պետք է աշխատանքից ազատի Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին: Ինչո՞ւ հենց նրանց անունները նշեցիք հայտարարությունում: 

-Որովհետև նրանք այսօր ամենաօդիոզ կերպարներն են: Կադրային քաղաքականության մեջ ամենասխալ նշանակումները նրանք են, դրա համար էլ հարկ համարեցինք հենց նրանց անունները հատուկ շեշտել:

-Ձեր հայտարարությունում նշել եք, որ վարչապետը պետք է վերանայի ընդհանուր կադրային քաղաքականությունը: Այսինքն` կադրերի մեծ մասը Ձեզ դուր չե՞ն գալիս:

-Այո՛: Մեր խոսքը միայն նշված անձանց չէր վերաբերում: Հայտարարությունում նկատի ենք ունեցել նախկին ռեժիմը ներկայացնող բոլոր կադրերին: Բացի այդ, նախկինում էլ հորդորել ենք պարոն Փաշինյանին հենվել ազգային ռեսուրսի վրա: Այսինքն` չսահմանափակվել միայն իր թիմի շրջանակներում և նախկին կառավարության պաշտոնյաներով: Պետք է ավելի լայն սեկտոր վերցնել և ամբողջ ազգային ռեսուրսը աչքի տակ առնելով` այլ նշանակումներ կատարել:

-Կարելի է ասել` հիմա նշանակումներում գերակշռում են երիտասարդ կադրերը:

-Շատ ժամանակ չի անցել, որ հնարավոր լինի հստակ մասնագիտական գնահատականներ տալ: Անշուշտ, բոլորն էլ թերություններ ունեն, բայց այսօր կարևորը մեր խնդիրը լուծելն է, ոչ թե ընթացիկների մասին մտածելը: Նախ պետք է վերանայվի այն մոտեցումը, որ հին ռեժիմի ներկայացուցիչները չլինեն, իսկ մնացածի հետ կապված ամեն բան կլուծվի: Երիտասարդ պաշտոնյաները գուցե անփորձ են, բայց սովորելու մեծ ունակություն ունեն: Եթե ինչ-որ խնդիրներ էլ լինեն նրանց հետ կապված, արագ կլուծվեն: Այս երկու պրոբլեմները համեմատելի չեն: Շատ ավելի ազնիվ ու արդար է, որ լինեն մաքուր երիտասարդներ, քան նախկինները, որոնք կեղեքել են մեր պետականությունը, քայքայել են մեր ժողովրդին:

–Պարոն Փաշինյանը, անդրադառնալով Հունան Պողոսյանի նշանակմանը, ասաց, որ չպետք է բարիկադներ դրվեն մեր միջև, որ երկրում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում որևէ մեկը չպետք է իր կյանքն ավարտած համարի Հայաստանում: Չե՞ք կարծում, որ կարելի է հնարավորություն տալ նախկին պաշտոնյաներին:

-Ո՛չ: Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև այդ մարդիկ հայկական քավարանով անցնելու կարիք ունեն: Թող անցնեն, եթե պարզվի, որ նրանք մեղք չեն գործել, չեն մասնակցել իշխանության յուրացմանը, հայրենիքի դավաճանությանը, կոռուպցիայի մեջ թրծված չեն եղել, ապա խնդրեմ: Ի՞նչ անենք: Ոճրագործներին պատասխանատվության չենթարկե՞նք: Նրանց պարզապես պետք է շուտ բռնել և բանտ տանել:

-Եթե վարչապետը չվերանայի կադրային քաղաքականությունը, որո՞նք կլինեն ձեր հետագա քայլերը:

-Մենք կշարունակենք մատնանշել թերությունները և հորդորել, որ վերանայի: Չեմ ուզում ապագայի համար ինչ-որ կանխատեսումներ անել: Մենք պահում և պահելու ենք հեղափոխության թիկունքը: Շարունակելու ենք հորդորել վարչապետին զերծ մնալ սխալներից:

-Ներքաղաքական զարգացումները տանում են դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հնարավո՞ր է, որ «Սասնա ծռերը» որևէ քաղաքական ուժի հետ դաշինք կազմի:

-Հաստատ մասնակցելու ենք: Ձևաչափի մասին հստակ ոչինչ չենք որոշել: Ոչինչ չենք բացառում:

 Լուսինե Մինասյան

armlur.am 



Նման նյութեր