Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Նա կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում:
«Ստամբուլի աչք» անունով հայտնի հայազգի արվեստի գործչի մահվան պատճառն էր սրտի անբավարարությունը:
Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Գյուլերի դին դրվել է քաղաքի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում, ուր նախօրեին տեղի է ունեցել նրա հոգեհանգիստը:
Գյուլերի մարմինը եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո՝ փաթաթված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:
Գյուլերի հուղարկավորությանը ներկա են գտնվել հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ, բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, մտավորականներ, երկրպագուներ ու լրատվամիջոցների հարյուրավոր ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ պոլսահայ լուսանկարչի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ նա կշարունակի ապրել իր թողած ստեղծագործություններով և հավելել, որ Գյուլերն «իր օբյեկտիվով պատմություն է գրել»: