Հավասարության խնդիր ունենք մեր երկրում, որ պետք է առաջնահերթ լուծվի. Սոնա Շահգելդյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Հավասարության խնդիր ունենք մեր երկրում, որ պետք է առաջնահերթ լուծվի. Սոնա Շահգելդյան. life.panorama.am

Էրեբունի-Երևանի 2800-ամյակի կապակցությամբ երգչուհի Սոնա Շահգելդյանը Life.panorama.am-ի հետ զրույցում իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել բոլոր երևանցիներին:

«Շնորհավորում եմ բոլորիս մեր քաղաքի 2800-ամյակի կապակցությամբ, և մաղթում եմ մեզ պահպանել մեր տեսակը: Հին ու իսկական երևանցիներն այսօր շատ քիչ են մնացել, այդ պատճառով ուզում եմ մենք գնահատենք այն, ինչ ունենք, ու իսկապես սիրենք մեր քաղաքը: Երբ գիտակցված սիրենք մեր Երևանը, ապա կկարողաննք նաև գնահատել ու պահպանել մեր ունեցած արժեքները. պետք է ծանոթ լինել մեր պատմությանն ու դրա ամեն էջին արժանի դառնալ: Ես շատ սիրում եմ մեր քաղաքը, հպարտ եմ, որ այս քաղաքի զավակն եմ»,- նշեց Սոնան:

Երգչուհին կարևորեց՝ պահպանել քաղաքի մաքրությունը.

«Երևանի մաքրությունը կախված է յուրաքանչյուր երևանցուց: Այսօր մեր քաղաքը շատ է աղտոտված, ինչի համար սիրտս իսկապես ցավում է: Ուզում եմ տեսնել մաքուր ու կանաչ Երևան: Եվ միայն աղբի մասին չէ խոսքը, պետք է սիրել բնությունը, կենդանիներին, չվնասել անտուն կենդանիներին ու չոչնչացնեն Երևանի կանաչ տարածքները: Անշուշտ քաղաքի բարեկարգումը միշտ հաճելի է, բայց նորակառույց շինություններով ևս չպետք է քաղաքը ծանրաբեռնել, առավել ևս՝ դրանցով կորցնել քաղաքի կոլորտը»,- ընդգծեց Սոնա Շահգելդյանը:

Որպես մայր՝ Սոնան իր որդու համար ավելի լավ Երևանի մասին է երազում:

«Հեղափոխության ժամանակ ես առաջիններից էի, որ կանգնեցի իմ ժողովրդի կողքին, քանի որ երազում էի ոչ միայն լավ Երևանի, այլև ավելի լավ Հայաստանի մասին: Ես մտահոգ եմ ոչ միայն իմ երեխայի կամ իմ ընտանիքի, այլև բոլորի համար: Մեծ հույս ունեմ, որ մենք իսկապես կտեսնենք մեր երազած երկիրը»,- հավելեց նա:

Սոնա Շահգելդյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև իրեն հուզող կարևոր խնդրին:

«Միշտ Երևանի տոնին Հանրապետության հրապարակում համերգներ է կազմակերպվում, բայց չգիտեմ ինչու՝ ես չեմ հրավիրվում: Ինձ շատ հետաքրքիր է պատճառը, թե ինչու է ամեն անգամ ու ամեն տեղ նույն երգիչ-երգչուհիները հրավիրվում, իսկ ես ու ինձ հետ միասին այլ երգիչ-երգչուհիներ այդպես էլ չենք հրավիրվում: Հավատացնում եմ՝ ինքս չեմ խնդրի, կամ ծանոթ-բարեկամ չեմ խառնի, որ ինձ առաջարկեն նման համերգների երգելու, ես սիրված ու գնահատված եմ ժողովրդի կողմից, և դա են վկայում այն բազմաթիվ հրավերները, որ ունեմ իմ ժողովրդի կողմից: Ամեն դեպքում, փաստացի մեր երկրում ամեն ինչ փոխվել է և կարծում եմ, որ բոլոր ոլորտներում պետք է արդարություն հաստատվի, այդ թվում նաև շոու բիզնեսում: Հավասարության խնդիր ունենք մեր երկրում, որ պետք է առաջնահերթ լուծվի: Չի կարելի տաղանդավոր մարդկանց աչքաթող անել, չէ որ ես ու իմ նման շատերը արտերկրում ներկայացրել ենք մեր երկիրն ու հաղթանակներ բերել»,- ավարտեց երգչուհին:

life.panorama.am