Ավետիք Չալաբյանի հրապարակումը.
«Ընկերներ ջան,
Ես մի քանի օրով գործերով մեկնել էի Քանադա, ու դուրս էի մնացել ընթացիկ զարգացումներից։ Երեկ վերադարձա ու տեսնեմ ընկերներիս հեղափոխական թեևը մի սուգ ու շիվանի մեջ է, թե Նիկոլը Հունան Պողոսյանին նշանակել է մարզպետ, մեր վայն եկել է, «հակահեղափոխությունը» գլուխ է բարձրացնում։
Ճիշտն ասած Հունան Պողոսյանի նշանակումը նույնիսկ ինձ համար մի քիչ աբսուրդի ժանրից է, հաշվի առնելով իր ոստիկանական կենսագրությունը, բայց ցանկանում եմ ձեզ հարց տալ՝ իսկ ինչի՞ վրա եք զարմանում։ Ինչի սա առաջին անգամ է, որ ձեզ հետ այսպես են վարվում՞։
Երբ օգոստոսի 17-ի պատմական հանրահավաքին Նիկոլր ձեզ ասում է, որ մարտի 1-ի գործը փաստորեն բացահայտված է, բայց իրականում գործը փաստորեն փլված է, իսկ գործով հիմնական մեղադրյալը սահմանադրական անձեռնամխելիություն է ստանում ու պատրաստվում է կուսակցություն ստեղծել, դա ձեզ չի զարմացնում։
Երբ նույն Նիկոլը ձեզ ասում է, որ մենք Ռուսաստանի հետ «փայլուն» հարաբերություններ ունենք, բայց հետո պարզվում է, որ այդ «փայլուն» հարաբերություների գինը Սիրիա զորախումբ ուղարկելն է, իսկ Պուտինն էլ արանքում գնում է Ադրբեջան ու հրաժարվում է Հայաստան գալուց, դա ձեզ չի զարմացնում։
Երբ նույն Նիկոլը ձեզ խոստանում է թռիչքաձև տնտեսական աճ, իսկ հետո Կառավարությունը 2019 թվականի բյուջեի նախագիծ է ընդունում, որում տնտեսական աճի կանխատեսումը ավելի ցածր է, քան 2018 և նույնիսկ 2017 թվականի փաստացի աճը, երբ դեռ կառավարում էր «սևերի» հակաժողովրդական ռեժիմը, դա ձեզ չի զարմացնում։
Երբ նույն Նիկոլի կողմից քաղաքականություն բերված, ու ձեր թեթև ձեռքով 81%-ով Երևանի քաղաքապետ ընտրված «սպիտակագույն» Հայկ Մարությանը իր երդման արարողությունից անմիջապես հետո հայտարարում է, որ տրասնպորտի գինը պետք է բարձրանա, այլապես անարդար է այսպես (անարդար է, Կառլ!), դա ձեզ չի զարմացնում։
Երբ հոկտեմբերի 2-ի խայտառակ գիշերը ձեր սուլոցների տակ Նիկոլը գրչի մի հարվածով աշխատանքից ազատում է մի ակնթարթում «հակահեղափոխական» դարձած նախարարներին ու մարզպետներին, որպեսզի հաջորդ երկու շաբաթվա մեջ նրանց փոխարեն նշանակի նախկին իշխանության բազմաթիվ պաշտոնյաների, դա ձեզ չի զարմացնում։
Երբ Ամերիկայի հեռացող դեսպանը, որպես համեմատաբար «ազնիվ» մարդ, հեռանալուց առաջ պատռում է շղարշը, ու մեր երեսին է նետում տարածքների հանձնման մասին իր արտահայտությունը, ու կառավարությունից նրան ոչ ոք չի հակադարձում, առաջին հերթին ձեր սիրած Նիկոլը, դա ձեզ չի զարմացնում։
Ձեզ այս ամենը, ու դրանք գումարած բազմաթիվ այլ մեծ ու փոքր սուտ ու մանիպուլյացիա, չի զարմացնում, իսկ զարմացնում է, որ Հունան Պողոսյանը նշանակվել է մարզպետ։
Ընկերներ ջան, ոչ մի բանի վրա էլ մի զարմացեք, խորը շունչ քաշեք հիմա, ու մի մարդու պես դեկտեմբերին գնացեք ընտրելու «Իմ քայլը»։ Հենց մենք նոր, մաքուր հեղափոխական Ազգային ժողով ունենանք, ամեն ինչ կնգնի իր տեղը, ներդրողները վազելով կգան Հայաստան, լավագույն պրոֆեսիոնալները հերթ կկանգնեն կառավարությունում աշխատելու, Ադրբեջանը կապիտուլյացիա կստորագրի, Քոչարյանը գլուխը կախ կգա ու ամեն ինչ ինքը կպատմի, օլիգարխները հետ կբերեն Հայաստանից տարած 10 միլիարդը, Երևանում էլ դրանից հետո տրանսպորտը անվճար կդառնա՝ ու ընդհանրապես, համատարած երջանկություն կգա։
Դուք միայն դեկտեմբերին ընտրեք «Իմ քայլը», էլ ոչ մի բանի վրա մի զարմացեք, հանգիստ շունչ քաշեք, ու գնացեք տներով, քանի որ այդ հրաշալի օրը հեղափոխությունը կավարտվի, ու ամեն մեկը կստանա իր սրտի ուզածի չափով, ինչպես ընդունված է ցանկացած ավանդական հայկական հեքիաթում, որը մի օր ավարտվում է։
Հ․Գ․ Մինչև ձեռքի տակ ընկած քարը բարձրացնելը, ու իմ վրա նետելը, հեղափոխական ընկերներ ջան, մտածեք, արդյոք այս ամբողջ վեց ամիսների ընթացքում ինչ է կատարվել ձեր հետ, ինչու են ձեզ այսպես հեշտ մանիպուլացրել, ինչու է ձեր հիշողությունը այսքան կարճ, իսկ թողտվությունը՝ այսքան անսահման։ Եթե հետո կուզենաք այդ քարը նետեք, մի վարանեք, միևույն է, վաղ թե ուշ այն ձեզ է վերադառնալու»։