Գագիկ Գինոսյան. «Ինձ թվում էր ինքն իմ էպոսի Քեռի Թորոսն է…»
Advertisement 1000 x 90

Գագիկ Գինոսյան. «Ինձ թվում էր ինքն իմ էպոսի Քեռի Թորոսն է…»

Ցավով նշեմ, որ անիմաստ վթարից, և որոշ բժիշկների համառ անուշադրությունից և անգետ բուժուներից մահացավ իմ մորեղբայրը՝ քեռիս… Ռաֆայել Մամիկոնի Թորոյանը:

Ինձ թվում էր ինքն իմ էպոսի Քեռի Թորոսն է (ԹՈՐՈ…յան), որ մշտապես ներկա է Հայոց Էպոսի բոլոր ճյուղերում, և որն իմ ամեն ճակատագրական կռվից, ճակատամարտից, ու վճռորոշ դրվագից առաջ իր զգոն ու խոհեմ խորհրդով պիտի ուղեկցեր ինձ դեպի Մըսըր, Մելիքին մեջտեղից կիսելու…

Երկար չեմ ճառի, միայն ասեմ, որ մենք դեռ շարունակում ենք նույնը մնալ, նույն անտարբեր ու անգետ բժշկությամբ, և հատուկ Էրեբունի հիվանդանոցի անգետ ու տմարդի բոլոր բժիշկներին մաղթեմ միայն իրենց նման բուժում և իրենց նման բժիշկներ հանդիպեն իրենց հիվանդ օրերին, որ մոտավոր պատկերացնեն այն ինչ արեցին իրենք, և ում կարողացան համառորեն զրկել կյանքից:

Ռաֆայել Մամիկոնի Թորոյանը տասնամյակներ շարունակ, դեռևս Խորհրդային տարիներից եղել է Հայ սպորտային բժշկաության նվիրյալներից ու ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ Խորհրդային միության լավագույն մասնագետներից:

Երկար տարիներ ի վեր հանդիսացել է Անդրկովկասյան հանրապետություններում սպորտսմենների վերականգնողական խնդիրներով զբաղվող միակ Պրոբլեմային Լաբարատորիայի վարիչը, ուր իրենց բուժումն էին անցնում, ոչ միայն Ադրբեջանի և Վրաստանի, այլ հաճախ հյուսիսային Կովկասի սպորտսմենները:

Պրոբլեմային լաբարատորիան, ինչպես և շատ այլ գիտական կենտրոններ, Հայաստանի անկախության անմիտ ղեկավարները փոշիացրեցին:

Անկախ Հայաստանում կարծես թե սկզբում գնահատվեց վաստակը Ռաֆայել Թորոյանի, և նա դարձավ ՀՀ կառավարության առընթեր Սպորտի պետական կոմիտեի նախագահ (ներկայումս Սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնն է), և Հայաստանի նորաստեղծ Ազգային Օլիմպիական Կոմիտեի երկրորդ նախագահ (ՀԱՕԿ):

Բոլոր ճառաբաններին և մեծախոսներին հիշեցնեմ, որ Անտիկ շրջանի վերջին Օլիմպիադայում Հայոց Վարազդատ արքայի հաղթանակից հետո առաջին անգամ անկախ Հայաստանի հաղթանակն արձանագրվեց հենց Ռաֆայել Թորոյանի ՀԱՕԿ նախագահ եղած ժամանակ: Քսան երկար ու ձիգ տարիներ օլիմպիական ոսկու սպասող հայ մարզասերներին հիշեցնեմ  նաև, որ Ռաֆայել Թորոյանի օրոք օլիմպիադաներում առաջին անգամ ի նշանավորում Հայաստանի հաղթանակի ծածանվեց Հայոց եռագույնը, և այն էլ երեք անգամ:

1992թ.-ի Բարսելոնի օլօմպիադայում Ռաֆայել Թորոյանի գլխավորած Հայաստանի պատվիրակությունը Օլիմպիադայից վերադարձավ միանգամից 3 ոսկե և 1 արծաթե մեդալով (սա հատուկ ճառասեր, ճոռոմասերների համար):

Սակայն, ինչպես և ցանկացած Հայ հերոսի, հայ նվիրյալի, Ռաֆայել Թորոյանին էլ սպասում էր իր Ագռավաքարը:

Իշխանափոխության թոհուբոհի մեջ, հին և նոր իշխանությունների գզվռտոցում ոչ միայն պաշտոնանկ արվեց Ռաֆայել Թորոյանն այլ…
Հայտնվեց բանտում: Եվ չնայած երկու տարի ազատազրկումը չկոտրեցին նրա հաստատակամությունը ծառայելու Հայոց սպորտին ու Հայոց պետականության կայացմանն ու նոր սերնդի առողջ դաստիարակման գործին իր անխոնջ նվիրմանը, բայց մինչ օրս Հայոց պետականության որևէ իշխանավոր ներողություն չխնդրեց նրա նկատմամբ կատարված հանցագործության համար, չնայած, որ այդպես էլ իրենք անզոր եղան հաստատել Թորոյանի մեղքն ու ստիպված եղան ի վերջո ազատ արձակել:

Մի առիթով Արթուր Մեսչյանն ասաց, որ ավելի շուտ թուրքերը ներողություն կխնդրեն հայերից ցեղասպանության համար, քան վրացիները կասեն շնորհակալություն իրենց պետականության ամենամեծ շինարարներին, հայերին, ում ստիպողաբար կամ վտարեցին, կամ հանցավոր կերպով ստիպեցին շատերին ուծանալ:

Կարծում եմ հայոց իշխանություններից, և առավել ևս Էրեբունու բժշկական կենտրոնի ղեկավարությունից ոչ ներողություն, ոչ էլ առավել ևս շնորհակալություն սպասելն անիմաստ է, երբ Թորոյանի նվիրումն ու հետևողական, շարունակական ծառայությունը հայոց սպորտին և հայ մատաղ սերնդի մարմնակրթությանը ոչ միայն տասնամյակների պատմություն ունի, այլ վստահաբար մի բացառիկ երևույթ է, որով անկախ Հայաստանում կարող են հպարտանալ եզակի նվիրյալներ:

Հանգչիր խաղաղությամբ Ռաֆայել Թորոյան, հանգչիր բյուրեղյա մարդ, իր երկրին, իր գաղափարներին, և իր առաքելությանը եզակի նվիրումով Մեծատառով Հայ…

Քո հիշատակն անմար է քեզ ճանաչող յուրաքանչյուր մարդու հոգում և մտքում: Վստահ մեզ հետ ցավում են նաև շատ ու շատ քեզ ճանաչող և հարգող մարդիկ Հայատանի սահմաններից և Հայ ժողովրդի սահմաններից դուրս:

Ցավում ենք, և հուսամ քո մահը կսթափեցնի շատ ու շատ իշխանավորների, անտարբեր ու հանցավոր բժիշկների և ուղղակի անտարբեր մարդկանց…

Հանգչիր խաղաղությամբ…

Գագիկ Գինոսյան



Նման նյութեր