Եթե Հայաստանի իշխանությունները չեղյալ չհայտարարեն աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը, ապա «Բագրատաշեն» հսկիչ-անցակետի աշխատանքը մի քանի օրից կաթվածահար կլինի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փորձագետ Արթուր Միսաքյանը։
Հոկտեմբերի 22-ին աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի շենքի դիմաց։ Ցուցարարների հետ հանդիպել են պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Ալեն Սիմոնյանը։ Ավելի ուշ նրանց միացել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը և նրա տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Կողմերը պայմանավորվել են, որ օրվա երկրորդ կեսին նախարարությունում կրկին կքննարկեն փակուղուց դուրս գալու ուղիները։
«Եթե այդպես շարունակվի, ապա «Բագրատաշեն» հսկիչ-անցակետի աշխատանքը կաթվածահար կլինի, քանի որ տարանցիկ պետհամարանիշներով մեքենաները, որոնք ներկրվում են Ճապոնիայից, կարող են Վրաստանում մնալ սահմանափակ թվով օրեր։ Մյուս կողմից, վրացի վարպետների մոտ ղեկը փոխելու համար երկար հերթեր են գոյացել։ Ստիպված կլինեն մեքենաները թողնել տարանցիկ գոտում», — ասաց Միսաքյանը։
Նրա կարծիքով՝ այս ամենի պատճառը Հայաստանի նախկին իշխանությունների որոշումն է։ Հունվարին քննարկվել է այն հարցը, որ արգելքը կսահմանվի ժամանակավորապես՝ մինչև հոկտեմբերի 1-ը։ Մարտին Հայաստանի խորհրդարանը շտկումներ է ընդունել օրենքում՝ չեղարկելով նշված ամսաթիվը և դրանով վերջնականապես արգելելով աջ ղեկով մեքենաների ներկրումը։ Սակայն ներկրողները և հասարակությունը տեղյակ չեն եղել կատարված փոփոխությունների մասին։ Աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելելու մասին օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am