Ուզում եմ հնից ոչինչ չկրկնվի. Ջուլիետա Ստեփանյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ուզում եմ հնից ոչինչ չկրկնվի. Ջուլիետա Ստեփանյան. life.panorama.am

Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Ջուլիետա Ստեփանյանի հետ:

«Շնորհավորում եմ բոլորիս մեր հրաշք քաղաքի 2800-ամյակի կապակցությամբ: Մեր ցանկությունը մեկն է՝ ուզում եմ ոչ միայն լավ Երևան, այլև լավ ու ազատ, անկախ Հայաստան տեսնել»,- նշեց դերասանուհին:

Լավ Երևանի առաջին նախապայմանը Ջուլիա Ստեփանյանի համար երևանցու ժպիտն է:

«Երբ երևանցին ու առհասարակ մեր հայ ազգը ժպիտում է, եթե ժպիտով են իրար բարևում ու մաքուր հայացքով են միմյանց նայում, ուրեմն ամեն ինչ լավ է: Այդ ժպիտը կախված է լավ ապրելուց, առանց հոգսերի ու մտածմունքների ապրելուց, իսկ որքանո՞վ է դա հնարավոր, ես չգիտեմ, բայց շատ եմ ուզում ու երազում: Հիմա դրա հեռանկարը կա, Աստված առաջ՝ հույս ունեմ, որ ես կհասցնեմ տեսնել ժպտացող Հայաստանը»,- հավելեց նա:

Նորանշանակ քաղաքապետի՝ Հայկ Մարությանի նկատմամբ իր սպասելիքներին և առաջնահերթ լուծման խնդիրներին անդրադառնալիս՝ Ջուլիետա Ստեփանյանը ընդգծեց.

«Քաղաքապետի աշխատանքը դեռևս պետք է տեսնենք, հետո նոր կարծիք հայտնենք: Որպես դերասան՝ Հայկ Մարությանին շատ սիրում եմ, բայց որպես քաղաքական գործիչ՝ չգիտեմ, թե նա ինչպիսինը կլինի, բայց անշուշտ, սպասելիքներս մեծ են: Առաջին լուծման խնդիրները շատ են, թերևս պետք է սկսել քաղաքի մաքրությունից, որովհետև մեր քաղաքը հիմա աղբի մեջ է ու դարձել է հիվանդության բուն»:

ՀՀ վաստակավոր արտիստուհուն անհանգստացնում են թանկացումները:

«Վերջերս խոսակցություններ լսեցի տրանսպորտի թանկացման մասին, որն ուղղակի աբսուրդ եմ համարում: Մեղք չէ՞ այս ժողովուրդը, նրանք հազիվ ուզում են շնչեն, ինչո՞ւ են նորից ուզում կաշկանդել ու բորբոքել նրանց: Եթե պետք է նորից նույնը կրկնվի, ինչ առաջ էր, ապա այդ պարագայում ի՞նչ մտածեմ: Եթե աշխատավարձը կամ թոշակները մնան նույնը, կամ աննշան բարձրացվեն ու թանկացումներ լինեն, ապա դա ապօրինություն կլինի ու նորմալ Հայաստան չի համարվի: Ոչինչ չպետք է թանկացվի և անգամ հակառակը՝ էս ժողովրդին պետք է, որ էժանացումներ լինեն: Պետք է թույլ տալ ժողովրդին մաքուր օդ շնչել ու զմայլվել իրենց քաղաքի գեղեցկությամբ, այլ ոչ թե դարձյալ թանկացումների հոգսի տակ մտնեն: Նիկոլ Փաշինյանին շատ եմ հարգում ու վստահում, հույս ունեմ, որ վերջը բարին կլինի, պարզապես ուզում եմ հնից ոչինչ չկրկնվի, մեր ժողովուրդը հազիվ միմյանց հետ բարեկամացել է, ես չեմ ուզում նրանք նորից հիասթափվեն: Դա կարող է լինել անգամ փոքր հարցերից, ինչպիսին է տրանսպորտի թանկացման խոսակցությունները, չէ որ տրանսպորտ նստում է անապահով խավը: Քանի դեռ մեր քույրերն ու եղբայրները հաց են հավաքում աղբանոցներից, նման բան անել չի կարելի: Պետք է թողնել, որ էս խեղճ ու կրակ ժողովուրդը մի քիչ իրեն լավ զգա, իրեն տերով զգա, ուզում եմ նրանք ոչ մի դեպքում չհիասթափվեն, զգան, որ այլևս մենակ չեն, նրանց նեղացնել պետք չէ: Հիմա, երբ տանից դուրս եմ գալիս, զգում եմ, որ օդը մաքուր է, ուզում եմ այդպես էլ մնա, հանկարծ չկեղտոտվի»,- ավարտեց մեր զրուցակիցը:

life.panorama.am



Նման նյութեր