Մոտ 130 աջ ղեկով ավտոմեքենաներ արդեն տևական ժամանակ է կուտակվել են Բագրատաշենի անցակետում։ Մեքենաների տերերը բողոքի ակցիա են իրականացնում՝ հավաքվելով մեքենաների մոտ և խոչընդոտելով երթևեկությունը։
Armdaily.am-ի հետ զրույցում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրապ Իգիթյանը հայտնեց, որ մարդիկ, հավատալով նախկին իշխանություններին, որ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն է արգելքը, միջոցներ են հայթայթել և աջ ղեկով մեքենա են գնել։ Բայց հիմա այդ մեքենաները չեն կարողանում ներկրել Հայաստան։
«Ֆուռերը անցնում են՝ մեքենաներին քսվելով։ Գալիս տեսնում ենք, որ մեքենաները վնասված են։ Հիմա մտահոգ կանգնած ենք, ի՞նչ անենք։ Ցանկացած քերծվածք նյութական վնաս է։ Անելանելի վիճակի մեջ ենք հայտնվել և ՀՀ իշխանությունից միջանկյալ լուծում ենք պահանջում։ Մարդկանց ցույց են տվել ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1։ Օրենքը ընդունելու ժամանակ հանել են հոկտեմբերի 1-ը և դարձրել անժամկետ։ Շատերը չեն իմացել ու գնել են մեքենաները, որ ներկրեն հոկտեմբերի 1-ից։ Հիմա մեքենաները ներկրելու արգելք կա։ Արդեն կանգնելու տեղ չկա։ Արդեն երկրորդ մեքենան է վնասված»,- նշեց Զոհրապ Իգիթյանը հավելելով, որ Նոր Հայաստանում օրենքից բարձր ժողովուրդը պետք է լիներ։
«Բա մենք էլ ժողովուրդ ենք, մենք էլ դժվարությամբ ենք այդ մեքենաները գնել»,- նշեց Զոհրապ Իգիթյանը։
Նշենք, որ Վրաստանի տարածքում եթե մեկ մեքենան 60 օրից ավել է մնում, ապա վարորդը պետք է օրական 50-60 լարի (9000-10000 դրամ) վճարի։ Իսկ ավտոկանգառներում կայանելու մեկ օրվա վարձը կազմում է 4 լարի (730 դրամ)։