
Ազգային ժողովում երեկ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ սուր քննադատության ենթարկեցին ՀՀԿ-ականներին դահլիճում չլինելու,նստատեղերի դատարկության ու ասելիք չունենալու մեջ:
Թե ինչպե՞ս է այդ ամենին վերաբերում ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պարզեցինք նրանից:
-Նախ ՀՀԿ ի և անձամբ իմ քաղաքական բանավեճը բացառապես «Իմ քայլը» դաշինքի ու վարչապետ Փաշինյանի հետ է: Այնպես որ, կարիք չկա իզուր ճիգեր գործադրել Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ու էժանագին դիվիդենտներ շահելու համար:
Մեկ հիշեցում. ՀՀԿ-ն իր առաջնորդի հրաժարականից հետո ոչ մի օր չի դադարել իր կարծիքն արտահայտել ու լինել Փաշինյանի կառավարության միակ իրական ընդդիմությունը: Բայց եթե հիշողությունս չի դավաճանում 2015-ի փետրվարից՝ իրենց առաջնորդի քաղաքականությունից ժամանակավորապես հեռացումից հետո, գրեթե մեկ տարի ԲՀԿ-ից որևէ մեկը ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ մամուլի ակումբներում չէր համարձակվում բարձրաձայն կարծիք արտահայտել, էլ ուր մնաց ՀՀԿ-ին քննադատեր, պատմությունը դաժան է և կրկնվելու հատկություն ունի: