Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը իր միկրոբլոգում:
Օրբելյանների քարավանատունը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, ծովի մակարդակից 2410 մետր բարձրության, Երևանից 140 կմ հեռավորության վրա:
Օրբելյանների քարավանատունը կառուցել է Չեսար Օրբելյան իշխանը՝ 1332 թվականին:
Այդ մասին Օրբելյան իշխանը արձանագրություն է թողել. «Հանուն ամենազոր և զորեղ Աստծու, 1332 թվականին, աշխարհի տիրակալ Բուսայիդ խանի օրոք, ես` Չեսար, իշխանաց իշխան Լիպարիտի որդին, և մայրս` Աննան, Իվանեի թոռը, և իմ եղբայրները` առյուծների պես գեղեցկատես իշխաններ Բուրթելը, Սմբատը և Էլիկումը Օրբելյանների ազգից, և իմ կինը` Խորիշան, Սերիկարիմանների Վարդանի դուստրը, կառուցեցինք այս հոգևոր տունը մեր միջոցներով` մեր, մեր ծնողների և Քրիստոսին ապավինող մեր եղբայրների հոգիների փրկության համար, նաև իմ կենդանի եղբայրներ և որդիներ` Սարգիսի, Հովհաննես քահանայի, Քուրդի և Վարդանի համար։ Աղաչում ենք ձեզ, անցորդներ, մեզ հիշել Քրիստոսի մեջ։ Կառուցումը սկսվել է Եսայու քահանայությամբ և ավարտվել նրա աղոթքների շնորհիվ,,:
Օրբելյանների քարվանատունը կառուցված է հայոց Դվին քաղաքը Աղվանքին, մասնավորապես՝ Պարտավին կապող ճանապարհի վրա, ինչը առևտրական տարանցիկ երթուղիների մեջ էր:
Այս ճանապարհով անցել է նաև միջանդարյան իտալացի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն՝ դեպի արևելք իր ճամփորդության ընթացքում:
Քարավանատունը ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։ Հատկապես դա վերաբերվում է գլխավոր դահլիճի հատակագծին։ Դա ուղղանկյունաձև սենյակ է, որը յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին և կողային նավերի։ Դահլիճը լուսավորվում է երեք երդիկների միջոցով։ Երկարությունը 35,5մ է, տարածքը՝ 298 քառակուսի մետր։ Ունի եռանավ դահլիճ՝ 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Նախասենյակի մուտքն ունի հարուստ հարդարանք։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արևելյան մասում՝ ցուլ, արևմտյան մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։
Քարավանատները մեծ նշանակություն են ունեցել հին և միջնադարյան Հայաստանում: Հայաստանը գտնվել է առևտրական բանուկ ճանապարհների հանգույցում և միջազգային առևտրի խոշոր կենտրոններից է եղել: Եվ հայոց երկրում այդ ճանապարհների վրա շատ քարավանատներ և իջևանատներ են գործել: Ճամփորդները, սուրհանդակները, առևտրականներն այստեղ գտել են սնունդ, կացարան՝ գիշերելու և հանգստանալու համար, ձիերի, գրաստների և ուղտերի համար կեր…
Դեռևս մթա 6-րդ դարում Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Դարեհ Առաջինը կառուցեց Արքայական պողոտան, որը կապում էր Պարսկաստանի մայրաքաղաքը Էգեյան ծովի հետ: Պողոտայի զգալի հատվածն անցնում էր Հայաստանով: Եվ այդ ճանապարհին էլ յուրաքանչյուր քսաներորդ կիլոմետրում քարավանատներ և իջևանատներ էին կառուցված:
Հին և միջնադարյան աղբյուրները վկայում են, որ ոչ միայն Հայաստանն է եղել միջազգային տարանցիկ առևտրի հիմնական առանցքը, այլև հայերն իրենց ձեռքում էին հիմնականում կենտրոնացրել այդ առևտուրը: Մթա հինգերորդ դարի հույն պատմիչ Քսենոֆոնի հավաստմամբ՝ հայերը, որ առևտուր էին անում հեռավոր Հնդկաստանի հետ՝ պարսից արքաներին օգնում էին դիվանագիտական, թարգմանչական արվեստում, ծառայում որպես ուղեկցորդներ՝ հեռավոր արշավանքների ժամանակ: