Դերասան Վարդան Հովսեփյանի նորաստեղծ ընտանիքը երկու ամիս առաջ համալրվեց։ Փոքրիկ Մաքսն իր հետ նոր գույներ ու երջանկության նոր չափաբաժին բերեց ծնողներին։ Tert.am Life–ի հետ զրույցում Վարդանը պատմել է փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո փոխված կյանքի ու խնամքի հարցում կնոջը հնարավորինս օգնելու մասին։
«Մեր կյանք եկավ մի մարդուկ, որը գերբնական ուժ է ինձ համար։ Գիտես, որ քեզնից մի հոգի էլ կա ու այս աշխարհում միակն է, որ իսկապես քոնն է։ Ուրիշինը չի եղել ու չի կարող լինել։ Դա աշխարհի ամենաուժեղ զգացողությունն է։ Ընկերներս հաճախ էին ասում, որ երեխան փոխում է կյանքը, ես դա հասկացա միայն որդուս ծննդից հետո։ Մաքսի հետ ամեն ինչ գունավորվել ու ավելի է սիրունացել։ Երբ ժպտում է աշխարհով մեկ ես լինում, լացում է, իրենից 10 անգամ ավելի ես նեղվում, ամբողջովին տրվում ես իրեն,– ասաց դերասանն ու նկատեց, որ հիմա իր առօրյան, կենսակերպն այլ ընթացք ունեն,– Հասկացա, որ շատ բաներից պետք է կտրվեմ։ Եթե առաջ ես ու կինս մեր մասին էինք մտածում, հիմա ավելի շատ իրեն ենք տրվել։ Հաճախ մոռանում ես քո անձի մասին։ Հիմա խանութ մտնելիս առաջինը գնում եմ մանկական բաժին։ Մի բան, ինչի հանդեպ առաջ անտարբեր էի»։
Ամբողջությամբ՝ life.tert.am