Հանրապետական պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Էդուարդ Շարմազանովը և Կարինե Աճեմյանը ներկայացրել են օրենքի փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում և դրանց հարող տարածքում արգելել եկեղեցու և նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքների կազմակերպումն ու անցկացումը»։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
Սակայն հավաքների ազատության հիմնավորմամբ Զեյնալյանն առաջարկեց բացասական եզրակացություն տալ այս նախագծին։ Ավելին, Զեյնալյանը հիշեցրեց, որ բոլոր եկեղեցիները պետական սեփականություն են, ու դրանց տարածքում հավաքներ անցկացնելու սահմանափակումներ կարող է ներկայացնել Մշակույթի նախարարությունը։
Հանրապետական պատգամավորների առաջարկում նաև ներառված է այդ հավաքների ժամանակ եկեղեցական պատարագներին և այլ ծեսերին խոչընդոտելու, սրբապատկերների ու գործիչների նկատմամբ ծաղրական գործողությունները տուգանքով պատժելու դրույթ։
Այս առաջարկի վերաբերյալ նույնպես նախարարի պաշտոնակատարն առաջարկեց բացասական եզրակացություն տալ, քանի որ այդպիսի դեպքերի համար արդեն իսկ գործում է դավանանքի ազատության դեմ գործողությունները պատժելու կարգավորումը։
Վարչապետի հարցին ի պատասխան՝ Զեյնալյանը հաստատեց, որ Հանրապետական պատգամավորները նույնաբովանդակ մի քանի նախագիծ են ներկայացրել, որոնցից մեկով արգելվում է հավաքների անցկացումը բոլոր կրոնական կազմակերպությունների տարածքներում, մյուսով արգելվում է առանձին Հայ առաքելական եկեղեցու տարածքներում հավաքների անցկացումը։
Կառավարությունն այս նախագծին նույնպես տվեց բացասական եզրակացություն։