Առնվազն 199 մարդ միլիարդատեր է դարձել 2017 թվականի արդյունքներով՝ աշխարհում բոլոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունն ավելացնելով 19 տոկոսով՝ մինչև 8,9 տրիլիոն դոլար:
Այդ մասին վկայում են UBS Group AG (UBS) ֆինանսական հոլդինգի և PricewaterhouseCoopers (PwC) կոնսալտինգային ընկերության համատեղ զեկույցի տվյալները, որոնք հոկտեմբերի 26-ին ներկայացրել է Reuters գործակալությունը: Նրա տվյալներով՝ 2017 թվականին միլիարդատեր դարձած անձանց ամբողջ խմբի մոտավորապես երրորդ մասն իր կարողությունը վաստակել է ինովացիաների ոլորտում: Ընդ որում՝ միլիարդատերերի մեծ մասը գրանցված է Չինաստանում, որտեղ նրանց թիվը տարվա ընթացքում ավելացել է 55-ով. նրանց միագումար կարողությունը գնահատվում է 1,12 տրլն դոլար:
«Չինացի միլիարդատեր-ձեռնարկատերերը գլխավորում են իրենց երկրի և ամբողջ Ասիայի տնտեսական տրանսֆորմացիան: Մեկ տասնամյակից փոքր-ինչ ավելի ժամանակաշրջանում նրանք խոշորագույն ընկերություններ են ստեղծել աշխարհում, բարձրացրել են կենսամակարդակի ստանդարտները և կարողություններ վաստակել աննախադեպ արագությամբ»,- ասված է զեկույցում:
Ինչպես նշում են UBS-ը և PwC-ը, այժմ Ասիայում ավելի շատ միլիարդատերեր կան, քան ԱՄՆ-ում, երեք տարվա ընթացքում նրանց միագումար կարողությունը պետք է գերազանցի ամենահարուստ ամերիկացի ձեռնարկատերերի կարողությունը, որն այժմ գնահատվում է 2,5 տրլն դոլար: 2016-ից մինչև 2018 թվականը Չինաստանում հայտնվել է առնվազն 1 մլրդ դոլար կապիտալիզացիայով 50 ընկերություն, ԱՄՆ-ում այդ ժամանակաշրջանում հայտնվել է նման 62 ընկերություն: