«Հրապարակվեց մի նախագիծ, որը «սառը ցնցուղ» էր» սպասումների ֆոնին. iravunk.com
Advertisement 1000 x 90

«Հրապարակվեց մի նախագիծ, որը «սառը ցնցուղ» էր» սպասումների ֆոնին. iravunk.com

Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը: Համաներումը հայտարարվելու է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ: Ի՞նչ է իրենից նախատեսում նախագիծը, ինչո՞ւ է այն լուրջ դժգոհությունների տեղիք տվել: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք հայտնի փաստաբան ԳԵՂԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում նախ փաստեց.

«ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՍՊԱՈՍՈՂՆԵՐՆ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԵՆՑ ԽԱԲՎԱԾ ԶԳԱԼ»

– Համաներման երևույթը ինքնին ողջունելի և սպասված էր հասարակության կողմից, քանի որ, եթե նախկինում, հիմնականում երեք տարվա պարբերականությամբ պետության կողմից ընդունվել էր համաներման ակտեր, ապա 2016 թվականից սկսած հասարակության կողմից կար սպասում, որ համաներման որոշում է ընդունվելու: Բայց այդ սպասումներն երկար ժամանակ չէին իրականանում, ու հանրության ակնկալիքները գնալով թեժանում էին: Հեղափոխությունից հետո ևս ակնկալվում էր, որ ավելի ընդգրկուն համաներում կլինի, հատկապես, երբ այդ մասին հայտարարվեց ՀՀ ԱՆ նախարարի կողմից, որ սպասվում է անկախ Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն, ընդգրկուն համաներումը: Դա մեծ հույսեր արթնացրեց հասարակության լայն զանգվածների մոտ: Սակայն հրապարակվեց մի նախագիծ, որը, այսպես, ասած, «սառը ցնցուղ» էր սպասումների ֆոնին: Որովհետև նախագծով նախատեսված որևէ արտառոց բան չկա, որը դրական իմաստով կտարբերվեր նախկինում կայացված համաներման ակտերից: Գոնե պետք էր բարձրացնել երեք տարվա շեմը, որ առնվազն գոնե դրանով ակնհայտ լիներ, որ այս համաներումը տարբերվում է բոլոր համաներումներից: Որովհետև, մինչ այս իրականացված համաներումներում այդ շեմը երեք տարի է եղել: Այս առումով՝ համաներման այս ակտը որևէ բացառիկ կարգավորումներ չի նախատեսում, ընդամենը, ի տարբերություն նախորդների, այս մեկը վերաբերում է արտոնություններ ունեցող շրջանակներին` առաջին կամ երրորդ խմբի հաշմանդամներին, հղի կանանց, երեք և ավելի երեխաներ ունեցողներին: Նրանց համար նախկինում եղել է հինգ տարվա շեմը, իսկ այս նախագծով նախատեսվում է մինչև վեց տարի: Բայց նաև այս շրջանակը շատ քիչ տոկոս է կազմում համաներման կիրառման ընդհանուր շրջանակի մեջ:
Այսպիսով, հասարակության սպասումները, որ աննախադեպ համաներում է լինելու, չի կարող իրականացված համարել: Ավելին, համաներման սպասողներն այս պայմաններում անգամ կարող են իրենց խաբված զգալ:

«Այստեղ օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտման հետ գործ ունենք»

– Ցմահ ազատազրկյալների վրա համաներումը որևէ կերպ կարո՞ղ է ազդել:

– Ո՛չ, որովհետև առանձին կետով նշվում է, որ համաներումը ընդհանրապես չի տարածվում նրանց վրա:

-Պարոն Հակոբյան, փոխարենը, նախագծում կան կոնկրետ դրույթներ, որոնք հանրության շրջանում իսկապես լուրջ դժգոհությունների ալիք են բարձրացրել: Խոսքը այն մասին է, որ առանձին կետով անդրադարձ է կատարվել ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման գործով անցնող մեղադրյալներին` և ոչ միայն ,մինչդեռ կատարվել է ծանր հանցագործություն, այդ թվում` զոհերով ուղեկցվող, նաև կա տուժողների գույքային վնասների չփոխհատուցման խնդիր: Այս առումով կխնդրեինք նաև Ձեր տեսակետը:

– Նախ նշեմ, որ առհասարակ գույքային վնասի չհատուցման պայմաններում համաներումը չկիրառելու հետ կապված համաձայն չեմ: Ճիշտ է, դա արվում է տուժողներին պատճառված վնասի հատուցման նպատակով, սակայն, տեսեք, եթե անձը կարողանար գույքային վնասը հատուցել, ապա դա կաներ ի սկզբանե: Այստեղ օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտման հետ գործ ունենք, քանի որ անկախ անձի գույքային դրությունից, բոլորը հավասար են օրենքի առջև: Իսկ այստեղ գույքային դրությունը ուղիղ կապվում է օրենքի կիրառման հետ: Այսինքն, ով նյութապես ապահովված է և հատուցման միջոցով կարողանում է հարթել այդ վեճը, ըստ էության, օգտվում է օրենքի բարենպաստ հետևանքներից, իսկ այն անձինք, ովքեր գույքային անբավարար դրության մեջ են գտվում, ըստ էության, հայտնվում են օրենքի բարենպաստ կիրառման դաշտից դուրս, և այստեղ ակնհայտորեն օրենքի առաջ հավասարության սկզբունքի խախտում եմ տեսնում:
Բացի այդ, այո, օրենքի վերջին անհատական կարգավորման հետ ևս համաձայն չեմ, երբ այս օրենքով «Սասնա ծռերի» հետ կապված առանձին կարգավորում է տրվել: Այստեղ իրավական տեխնիկայի խնդիր կա, իմ կարծիքով, որովհետև համաներումը նորմատիվ իրավական ակտ է, իսկ այստեղ կարգավորում է տրվում զուտ անհատական խնդրի: Սա ևս օրենքի առջև հավասարության սկզբունքի խախտում է: Եթե ցանկություն, քաղաքական կամք կար այս անձանց նկատմամբ բարենպաստ հետևանք առաջացնելու, ապա կարելի էր այնպիսի չափանիշներ դնել համաներման ակտով, որ ե՛ւ այս անձանց նկատմամբ կիրառելի լիներ համաներումը, ե՛ւ համանման չափորոշիչներով դատապարտված կամ այլ կարգավիճակում գտնվող անձանց նկատմամբ նույնպես կիրառելի լիներ: Կամ, կարելի էր անհատական ներումներ շնորհել տվյալ անձանց, բայց ոչ այս եղանակով, ինչը հասարակության մեջ լուրջ և հիմնավորված դժգոհության տեղիք կարող է առաջացնել` օրենքի առաջ հավասարության սկզբունքի խախտման իմաստով:
Մեկ նկատառում ես ավելացնեմ այս նախագծի հետ կապված, որը վերաբերում է  4-րդ հոդվածի 4-րդ կետին: Իմ կարծիքով, այն վերանայման կարիք ունի, անհրաժեշտ է համաներումը կիրառել ոչ թե համակցությամբ` վերջնական պատժի նկատմամբ, այլ՝ յուրաքանչյուր հոդվածով առանձին:

iravunk.com