ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ հանդիպում-քննարկում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուների, «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների միջև։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, քննարկմանը ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տնտեսական զարգացման և ներդրումների, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի և Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քննարկվեցին ստեղծված իրավիճակը կարգավորելու հնարավոր ելքեր։ Որպես խնդրի լուծման տարբերակներ առաջարկվեցին՝
1. որպես ներքին սպառման ապրանքներ դրանք ներմուծելու և ապա վերամշակելու, այսինքն՝ ղեկային տեղաբաշխումը փոխելու հնարավորությունը,
2. տրանզիտ (տարանցիկ) պետհամարանիշներով ներկրել և վաճառել երրորդ երկիր,
3. ներմուծել որպես պահեստամաս:
Առաջարկների շուրջ ծավալված մտքերի փոխանակությունից հետո «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչները նորից պնդեցին իրենց ցանկությունը՝ վերանայել օրենքը և օրենսդրական փոփոխությամբ թույլատրել մինչև 2020 թվականը աջ ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը Հայաստան։
Քննարկմանը ներկա գերատեսչությունների պատասխանատուների կողմից՝ ի հակակշիռ ասվածի, կրկին բերվեցին բազմաթիվ փաստարկներ։
Երկու ժամից ավելի տևած քննարկման ավարտին նախաձեռնության ներկայացուցիչներին առաջարկվեց խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ուսումնասիրելուց հետո ներկայացնել առաջարկություներ։