ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը չի բացառում, որ փետրվարի 1-ից հնարավոր է՝ էլեկտրաէներգիայի սակագինը նվազի։
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նախարարի պաշտոնակատարը նշեց, որ առաջնահերթությունն էներգահամակարգի հուսալի և անխափան մատակարարումն է, իսկ երկրորդ գերխնդիրն այդ ծառայության մատչելի սպասարկումն է, ինչին էլ ուղղված են բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են։
«Չնայած օրենքը սահմանում է, որ սակագինը կարող է վերանայվել 6 ամիսը մեկ անգամ, բայց քանի որ էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռները և պլանավորումն արվում է տարեկան կտրվածքով, հիմնականում վերանայումներն էլ արվում են տարեկան կտրվածքով՝ նաև ճիշտ բյուջետային պլանավորում անելու համար։ Գործող սակագները սահմանված են մինչև փետրվարի 1-ը, այս պահին բոլոր աշխատանքներն ուղղված են նրան, որ փետվարի 1-ից եթե հնարավորություններ ունենանք, հնարավոր լինի որոշակիորեն նվազեցնել սակագները»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։