Հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղամ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ նախարարին։
Հիշեցնենք, որ Գեղամ Գեւորգյանը 2016-ի դեկտեմբերից զբաղեցել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնը: Նրա անունը մամուլում շրջանառվեց, երբ հայտնի դարձավ, որ 1,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում:
Ի դեպ՝ վարչապետ Փաշինյանը շաբաթներ առաջ հենց նմանատիպ ԾԻԳ-երի ոչ արդյունավետ աշխատանքի մասին էր խոսում, ու վստահաբար կարելի է ասել, որ վարչապետը ծանոթ է Գեղամ Գրիգորյանի նախկին գործունեությանը։
Այսպես, ըստ «Հետք» պարբերականի, Գեղամ Գևորգյանը նշված ԾԻԳ ղեկավար աշխատելու ընթացքում միլիոնավոր դրամներ է փոշիացրել, որը իր ղեկավարած կառույցին փոխանցվել է պետական բյուջեից։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այս տարվա փետրվարի 6-ին հաստատել է 2018թ. տարեկան գործունեության իրականացման բյուջեն՝ մոտ 682 մլն 555 հազար դրամ: Այդ գումարի մեծ մասը գոյանում է պետական բյուջեի հատկացումներից՝ մոտ 410 մլն 457 հազար դրամ:
Շատերի համար զարմանալի էր, թե ինչպե՞ս է պետական հսկայական միջոցներ փոշիացրած անձը նման կարևոր պաշտոնի նշանակվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գեղամ Գևորգյանի նշանակման համար ջանք ու եռանդ չի խնայել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կառավարության անդամների համար անհասկանալի է մնացել Ավինյանի շարժառիթը, բայց ստիպված են եղել ընդառաջել նրա խնդրանքը:
Պարզվում է՝ Տիգրան Ավինյանը ցանկանում էր Գեղամ Գևորգյանին տեսնել գյուղնախարարի պաշտոնում ոչ թե նրա համար, որ վերջինս իր գիտելիքներով կարող է ծաղկեցնել ոլորտը, այլ որ նրա հանդեպ պարտքի զգացում ուներ: Ընդ որում՝ նյութական պարտքի:
Եվ ահա պարզ է դառնում՝ Գևորգյանի ղեկավարած ԾԻԳ-ը, որը տարեկան 600 մլն դրամի գումար է փոշիացրել պետական բյուջեից, հասցրել է ֆինանսական եկամուտներ ապահովել Տիգրան Ավինյանին: ԾԻԳ-ը սույն թվականի ապրիլի 15-ին Ավինյանի ղեկավարած ընկերությունից ստացել է հայտ ավելի քան 25 մլն դրամ ֆինանսական աջակցություն պահանջվող բիզնես նախագծի համար: ԾԻԳ-ը որոշում է կայացրել բավարարել Ավինյանի ընկերությանը հայտը և փոխանցել Իրիգեյթ ՍՊԸ-ի կողմից խնդրվող գումարը այն ժամանակ, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր (մանրամասն՝ այստեղ): Ընկերություններին ֆինանսական աջակցություն՝ գրանտ տրամադրելու որոշումը հրապարակվել է սույն թվականի հուլիսի 25-ին:
Ամբողջությամբ՝ politik.am