Նաիրի Բադալյանի հրապարակումը ֆեյսբուքյան էջում. «ԱՄՆ նախագահի Ազգային Անվտանգության գծով գլխավոր խորհրդական Բոլթոնը Երևանում հայտարարում է, թե ԱՄՆ-ը կարող է Հայաստանին զենք վաճառել։ Ի դեպ, շատ լավ հաշվարկված ու հեռու հետևանքներ ենթադրող լրջագույն քաղաքական հայտարարություն է, որը ենթադրում է նվազեցնել ղարաբաղյան պատերազմը թեժ պահելու հարցում Ռուսաստանի եթե ոչ քաղաքական, ապա գոնե ֆինանսական շահագրգռությունը և չվստահելով հայաստանյան պաշտոնյաների ինտերպրիտացիային ու խուսափելու համար հայտարարության աղավաղումից ու լռության մատնումից, Բոլթոնն անձամբ է լրատվամիջոցների միջոցով այն հայաստանյան հասարակությանը փոխանցել։
Բայց դեռ երկու օր էլ դրանից չանցած, Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանը հայտարարում է, թե Հայաստանը ԱՄՆ-ից զենքի վաճառքի առաջարկ չի ստացել։
Ուզում եմ հասկանալ, թե Դավիթ Տոնոյանը ինչպես է պատկերացնում զենքի վաճառքի առաջարկը, որ Ջոն Բոլթոնի, որը բացի զբաղեցրած պաշտոնից, նաև իրական ազդեցությամբ է այսօր ԱՄՆ-ի արտաքին ու ռազմա-քաղաքական կուրսերը մշակող մի քանի անձանցից մեկը, հայտարարությունը այդ մասին ու այն էլ Երևանում՝ նրա համար «ասնավանի» չէ…
Մի քիչ անկեղծ եղեք, տղերք։ Ասեք, որ Ռուսաստանն ու նրա հանդեպ մեր ստրկական պարտավորությունները (այդ թվում նաև գործածությունից հանված ու անսարք «նորագույն» մետաղի ջարդոն գնելու առումով) մեզ թույլ չեն տա ամերիկյան զենք գնել ու ռուսաստանյան ռազմա-քաղաքական ստրկությունից ազատվելու, ղարաբաղյան հարցում Ռուսաստանի որոշիչ ազդեցությունը նվազեցնելու և պատերազմի ավարտը մոտեցնելու քաղաքական շանս ստանալ։
Մի ասեք առաջարկ չկա։
Առաջարկը եղել է։ Ու շատ կոնկրետ։ Եվ նույնքան էլ հրապարակային»։