Հայտնի մարդիկ բնավորության ո՞ր գծերն են խնամքով թաքցնում հանրությունից, արդյոք ունեն անհայտ կողմեր, որոնք դժվար է կռահել` հետևելով նրանց բեմական գործունեությանը: Tert.am Life-ի բացահայտումները հայտնի մարդկանց մասին շարունակվում են: Այս անգամ «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում զրուցել ենք երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ:
Հասմիկին շատերն ընկալում են որպես դրական էներգետիկայով ու իր անկեղծությամբ աչքի ընկնող մարդու: Երգչուհին նշում է՝ իրեն միշտ նյարդայնացրել է, երբ մարդիկ իր անկեղծությունը սխալ են ընկալել ու մեկնաբանել: Նա նաև նկատում է, որ կյանքի այս ժամանակահատվածում փոքր-ինչ դժգոհող ու անհամբեր է դարձել, իսկ շատ երևույթների սկսել է առավել հանգիստ վերաբերվել, քան նախկինում:
-Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
– Ես կասեի անհամբեր լինելը, եթե մեկ բառով բնութագրեմ: Նախկինում ավելի համբերատար եմ եղել, բայց վերջերս զգում եմ՝ մի քիչ անհամբեր եմ դարձել: Գուցե և դա տարիքից է գալիս, չգիտեմ, չնայած պետք է որ հակառակը լիներ, բայց երևի որ մայրիկ եմ դարձել, հոգսը ավելի շատացել է, պատասխանատվությունը շատ ավելի մեծ է: Երևի այդ պատճառով ուզում եմ՝ ամեն ինչ արագ լինի:
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։
-Կցանկանայի կարողանալ ավելի քիչ դժգոհել: Ես դա ասում եմ՝ նկատի ունենալով կյանքիս կոնկրետ այս ժամանակահատվածը: Դժգոհելը ես համարում եմ թերություն, որովհետև դա ինքնին շատ բացասական բան է: Որքան դրական ես մտածում, այդքան կյանքդ դրական է ընթանում, բայց երևի դա ինձ մոտ անհամբերության հետևանքով է առաջ գալիս:
Երբ իմ սպասած ժամկետներում ինչ-որ բան բան չի լինում, ես դառնում եմ դժգոհող: Դրանք կապակցված են:
-Կա՞ մի բան, ինչից վախենում եք, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։
-Իմ կարծիքով անհաղթահարելի ոչ մի վախ չկա չկա: Յուրաքանչյուր վախ հնարավոր է հաղթահարել: Եթե գիտակցությունդ կարողանում է հաղթահարաել քո զգացմունքային աշխարհը, նշանակում է՝ դու ամենակարող ես: Ես կարծում եմ, որ ուղեղով կարելի է ամեն ինչ հաթղահարել: Չեմ ասի, որ շատ վախկոտ մարդ եմ: Ես խիզախ կին եմ՝ այդպես կարող եմ ինձ բնութագրել, բայց գուցե և ինչ-որ փոքրիկ վախեր կան: Կոնկրետ, եթե թվարկեմ դա վախ է ավելի գլոբալ բաների համար՝ չհասցնելու կամ չստեղծագործելու այնքան, ինչքան դու ուզում ես կամ վախ, որպեսզի երեխադ շատ առողջ լինի, ամեն ինչ կարողանաս, եթե ոչ իդեալական, ապա գոնե դրան մոտ անել բալիկիդ համար:
-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։
-Կուզեի օժտված լինել շատ մեծ համբերությամբ, որովհետև ես հիանում եմ համբերատար մարդկանցով: Կարծում եմ, եթե համբերատար ես լինում շատ դրական հատկություններ են ի հայտ գալիս:
Ամբողջությամբ՝ life.tert.am