Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը վաղը կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Նռան հատիկ» հեռուստասերիալի սաունդթրեքի հիման վրա։ Համանուն երգի երաժշտության հեղինակը Արման Պարսամյանն է, խոսքերը գրել է Դիանա Գրիգորյանը, տեսահոլովակի ռեժիսորը Ռուբեն Մխիթարյանն է։
Պրեմիերային ընդառաջ Ռոզան Tert.am Life-ին մանրամասներ է պատմել երգի մասին։ Նա նկատեց, որ երգի երաժշտությունը հնչում է հեռուստասերիալում և հասցրել է սիրվել լսարանի կողմից։ «Արմանը շատ տաղանդավոր կոմպոզիտոր է։ Մեր հեռուստասերիալի համար նրա գրած երաժշտությունը շատ գեղեցիկ է և սիրվեց։ Մեզ հաճախ էին հարցնում` որտե՞ղ կարող են լսել երաժշտության ամբողջական տարբերակը։ Դիանան մտահղացավ այն ամբողջական երգի տեսքով ներկայացնել լսարանին և շատ գեղեցիկ խոսքեր գրեց։ Շատ շնորհակալ եմ իրեն և ամբողջ թիմին` տարված մեծ աշխատանքի համար»,- պատմեց Ռոզան
Երգչուհու խոսքով` երգը շատ զգացմունքային է ստացվել։ Հեռուստասերիալից առանձին երգը կունենա՞ իր ճանապարհը, թե՞ ոչ, Ռոզան դժվարացավ պատասխանել` նկատելով, որ գնահատողը լսարանն է։
«Երբ երգը ծնվում է, մենք չենք մտածում` այն ինչպես կընդունվի, ուղղակի սրտանց ստեղծագործում ենք, իսկ գնահատողը հանդիսատեսն է։ Երգը ներկայացնում է «Նռան հատիկ»-ում իմ հերոսուհու` Սոֆյայի պատմությունը։ Սա երաժշտական նախագիծ է, որն ուղիղ կապված է սերիալի հետ։ Երբ ես կատարում էի երգը, հիշում էի իմ հերոսուհուն, իր զգացմունքները։ Իհարկե, երգը կատարում է Ռոզա Ֆիլբերգը, բայց ես չէի կարող դա անել առանց Սոֆյային իմ միջով անցկացնելու։ Սա ուղղակի երգ չէ սիրո մասին, սա սիրո մասին բալլադ է, որն ունի իր կոնկրետ պատմությունը»,- ընդգծեց նա։
Ռոզան և եղբայրը` Մհեր Արմենիան աշխատանքի մեջ էլ միշտ օգնում են իրար։ Այս պարագայում նրանք ոչ միայն որպես հարազատներ են աջակցել միմյանց, այլև Մհերը հանդիսացել է նախագծի երաժշտական պրոդյուսերը։
«Սա ուղղակի խորհուրդ չէր, համատեղ աշխատանք էր։ Մհերը սկզբից մինչև վերջ մասնակցել է աշխատանքին։ Մենք երկար աշխատել ենք երգի ուղղությամբ, եղել են դեպքեր, երբ ձայնագրվել եմ, սակայն հասկացել ենք, որ ինչ-որ դետալ այն չէ, իմ հոգեբանական վիճակը չի համապատասխանում երգին, նորից եմ ձայնագրվել»,- ասաց Ռոզան։ Երգչուհին չի հերքում, աշխատանքի ընթացքում լինում են և՛ տարաձայնություններ, և՛ բանավեճեր, սակայն շեշտում է` դա նորմալ գործընթաց է արդյունքի հասնելու ճանապարհին։
Ամբողջությամբ՝ life.tert.am