Կառավարությունն աջակցություն կցուցաբերվի Լոռու մարզի Թումանյան համայնքի Քարինջ բնակավայրի կարկտահարությունից և տեղատարափ անձրևից տուժած բնակիչներին և կվերանորոգվի դպրոցի տանիքը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 1-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 10-ին տեղատարափ անձրևից և կարկտահարությունից վնասվել են Քարինջ բնակավայրի 117 բնակիչների տների տանիքները՝ 8576 ք/մ, վնասի չափը կազմում է 12 մլն 864 հազար դրամ:
Զգալի վնաս է հասցվել Քարինջի միջնակարգ դպրոցի շենքին: 1980-ական թվականներին կառուցված դպրոցի շենքի 680 քմ ասբոշիֆերի քառաթեք տանիքն ամբողջությամբ շարքից դուրս է եկել և մասնակի վերանորոգումն ու շահագործումը դարձել է անհնար: Տանիքի հիմնանորոգման համար կպահանջվի 11.9 մլն դրամ:
Պահանջվող գումարը նախատեսվում է տրամադրել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ այն համայնքի բնակիչներին փոխանցելու և դպրոցի տանիքը վերանորոգելու համար: