
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին պլանավորում է կառավարումը հանձնել ավագ որդուն՝ Ուելսի արքայազն Չառլզին: Թագաժառանգը կարող է գահ բարձրանալ երեք տարի հետո: Այդ մասին, հոկտեմբերի 31-ին հայտնել է Daily Mirror թերթը՝ վկայակոչելով թագավորական թղթակից Ռոբերտ Ջոբսոնի «Charles at 70: Thoughts, Hopes And Dreams» («Չառլզը 70 տարեկանում: Խորհրդածություններ, հույսեր և երազանքներ») գիրքը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ցանկանում է գործերից հեռանալ 95 տարեկանում: Ըստ որում, ինչպես պնդում է թերթը, Նորին Մեծությունը «մտադիր է գահաժառանգին արքայազն-ռեգենտ դարձնել»: Դա նշանակում է, որ «Չառլզը թագավոր կդառնա բառիս բոլոր իմաստներով, սակայն ձևականորեն Եղիսաբեթ Բ-ն կշարունակի ծառայել իր ժողովրդին մինչև մահ», ասված է նյութում:
Օրենսդրական փաստաթղթերի համաձայն՝ ռեգենտը պետք է լինի 21-ից բարձր տարիքի, ունենա բրիտանական հպատակություն և բնակվի Միացյալ Թագավորության տարածքում: Այսպես, այդ կանոնների համաձայն՝ միակ ռեգենտը եղել է Գևորգ IV-ը (1762 – 1830), որը 1810-ից մինչև 1820 թվականները կառավարել է այն բանից հետո, երբ լրջորեն հիվանդացել է նրա հայրը՝ Գևորգ III-ը (1738 – 1820):