Հայտնի հայ ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանը Չեխիայի Յիգլավա քաղաքում անցկացվող Վավերագրական կինոյի միջազգային փառատոնում պարգևի է արժանացել համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար, հայտնում է Prague Post-ը։
Ստեղծագործական ֆորումի տնօրեն Մարեկ Գովորկան, խոսելով ռեժիսորի մասին, նշել է, որ նրան հաջողվում է կյանքի իմաստը փոխանցել մի քանի էկրանային րոպեների ընթացքում, իսկ նրա աշխարհընկալումը (վերջին ժապավենը՝ «Վերջը», թվագրվում է 1992թ.) ընդմիշտ կմնա կինեմատոգրաֆի պատմության մեջ։
Նշենք, որ Չեխիայի փառատոնում (անցկացվել է հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 1-ը) կներկայացվի 250 ֆիլմ։ Փելեշյանը ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է (1979), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1995)։