Հայաստանում դատավորները պաշտոնավարման ընթացքում կստանան հաշվեցուցակային զենք: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Ըստ հիմնավորման, դատավորին հաշվեցուցակային զենք, այդ թվում՝ փամփուշտներ և պաշտպանության հատուկ միջոցներ են տրամադրվում պաշտոնավարման ժամանակահատվածի համար՝ ինքնապաշտպանության նպատակով: Դրանք տրամադրվելու են ոստիկանության կողմից:
«Դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է ոստիկանությունը»,- ասված է նախագծում:
Դատավորին զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա: Եթե դատավորը չի տիրապետում զենքի հետ անվտանգ վարվելու կանոններին, ապա ուսուցումն իրականացնում է ոստիկանությունը: Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված զենքն ու պաշտպանության այլ միջոցները մեկ շաբաթվա ընթացքում դատավորը պետք է հանձնի ոստիկանություն: