Երգիչ Մայքլ Ջեկսոնը գլխավորել է հոկտեմբերի 31-ին Forbes հանդեսում հրապարակված այն հայտնի մարդկանց ամենամյա վարկանիշը, որոնց մշակութային ժառանգությունը նույնիսկ նրանց մահվանից հետո շարունակում է եկամուտներ բերել:
Ինչպես ընդգծել է Forbes-ը, երաժիշտը, որը մահացել է 2009 թվականին, վեցերորդ անգամ անընդմեջ առաջին հորիզոնականն է զբաղեցնում այդպիսի ցուցակում: Ինչպես հաշվարկել են հրատարակության աշխատակիցները, Ջեկսոնի ստեղծագործության պտուղները նրա ժառանգներին 12 ամսվա ընթացքում 400 մլն դոլար են բերել մեկ տարի առաջվա 75 մլն դոլարի համեմատությամբ:
Էլվիս Փրեսլին, որը մահացել է 1977 թվականին, չորրորդից բարձրացել է վարկանիշի երկրորդ հորիզոնական: Հանդեսը երաժշտի եկամուտները գնահատել է 40 մլն դոլար մեկ տարի առաջվա 35 մլն դոլարի համեմատությամբ: Փրեսլիի մահից տասնամյակներ անց նրա երկրպագուներն առաջվա պես գնում են նրա երգերի սկավառակները, նրա պատկերով ապրանքները և այցելում նրան պատկանող «Գրեյսլենդ» կալվածքը, որը գտնվում է Մեմֆիս քաղաքում (Թեննեսիի նահանգ): Առաջին եռյակը եզրափակել է գոլֆիստ Առնոլդ Փալմերը, որը մահացել է 2016 թվականի սեպտեմբերին: Նրա 35 մլն դոլարն ստացվել է գլխավորապես նրա կողմից ստեղծված ալկոհոլ պարունակող ըմպելիքի տարբերակի իրավունքները վաճառելու հաշվին, ըմպելիք, որը բաղկացած է լիմոնադից և սառը թեյից:
Ցուցակի մնացած դիրքերն զբաղեցրել են 2000 թվականին կյանքից հեռացած ամերիկացի ծաղրանկարիչ Չառլզ Շուլցը (34 մլն դոլար), ջամայկացի երգիչ Բոբ Մառլին (23 մլն դոլար), մանկագիր և մուլտիպլիկատոր Դոկտոր Սյուզը (16 մլն դոլար), Playboy հանդեսի հիմնադիր Հյու Հյոֆները (15 մլն դոլար), դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոն (14 մլն դոլար), երգիչ Փրինսը (13 մլն դոլար) և «Բիթլզ» խմբի ղեկավար Ջոն Լենոնը (12 մլն դոլար): «Տասնյակի» սահմաններից դուրս հայտնվել են անցած ամռանն սպանված ռեփեր Ջասեյ Դուեյն Օնֆրոյը, որը հայտնի է XXXTentacion կեղծանվամբ, բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին և մոդել Բեթի Փեյջը:
Ինչպես նշում Forbes-ը, հանգուցյալ հայտնիների եկամուտների ընդհանուր գումարն օրացուցային տարվա ընթացքում (2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը) կազմել է 628 մլն դոլար՝ ավելի քան կրկնակի գերազանցելով նախորդ ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը (312 մլն դոլար): Աճը պայմանավորված է գլխավորապես Մայքլ Ջեքսոնի ժառանգությամբ: