ԱԱԾ տնօրենի գաղտնալսման պատվիրատուն «հանրության մեջ լայն ճանաչում ունի»
Advertisement 1000 x 90

ԱԱԾ տնօրենի գաղտնալսման պատվիրատուն «հանրության մեջ լայն ճանաչում ունի»

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որոշ մանրամասներ է ներկայացրել իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործից։
Նա նշեց, որ քննությունն արդեն պարզել է գաղտնալսում իրականացրած ու պատվիրած անձանց շրջանակը։

Արթուր Վանեցյանը նշեց, որ պատվիրատուն հանրության շրջանում լայն ճանաչում ունի, մանրամասնելով, որ գաղտնալսման պատվիրատուները Հայաստանից են։

«Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը, փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ է, շատ-շատ բարդ, որը ցավոք սրտի այս փուլում չի լինում»,- ավելացրեց նա։

ԱԱԾ տնօրենը ներկայացրեց նաև՝ ինչպե՞ս է հնարավոր եղել գաղտնալսել իրեն ու ՀՔԾ պետին.

«Ես գտնվել եմ ռոումինգի տակ։ Ռոումինգով զանգերի ժամանակ այն գաղտնի պրատակոլները, որոնք կան, երկրի ներսում մեր խոսակցությունների ժամանակ ու որոնց գաղտնալսման համար անհրաժեշտ են հատուկ սարքեր, որոնք այսօր օրենքով նախատեսված է և ունի միայն Ազգային անվտանգության ծառայությունը, երբ որ մարդը գտնվում է ռոումինգի տակ, օպերատորները, որպեսզի կարողանան ավելի էժան կապ ապահովել, օգտվում են տարբեր ինտերնետային հեռախոսային ուղիներից, IP-տելեֆոնիա կոչեցյալից։ Ես եղել եմ ռոումինգում և այդ ինտերնետային կապուղին պաշտպանված չէր, այսինքն՝ չի գաղտնագրվել ու այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող էր գաղտնալսումն իրականացնել»։

Արթուր Վանեցյանը նաև նշեց. «Բովանդակության մասին կարող եմ պարզաբանումներ տալ բոլորին և միշտ։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ քննչական կոմիտեում իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ ես և Սասուն Խաչատրյանը նշված օրը ունեցել ենք 10 զանգ։ 8 անգամ ինքն է ինձ զանգահարել, 2 անգամ՝ ես։ Մենք մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է։ Մեր ամենաերկար խոսակցությունը 2,5 րոպե է տևել և այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված են ու ներկայացված որպես մեկ խոսակցություն։ Ինչ վերաբերում է իմ հայտնի արտահայտությանը, ասել եմ՝ «ուզես-չուզես պետք է տաս», դա էլ եմ ուզում պարզաբանել։ Արդեն իսկ հայտնի է, որ դատավորի անունը Վաչե Մարգարյան է, ես ասում եմ Հրաչ։ Հրաչը ասում եմ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին։ Նրա անունը Հրաչ է, չեմ էլ ճանաչում իրեն, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներիս նստած տղան է։ Ես Սասուն Խաչատրյանին ասում եմ՝ «Հրաչն, ի՞նչ ա ասում», պատասխանում է՝ «Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա», ասում եմ՝ «դե ուրմեն, ուզի-չուզի՝ պետք ա տա:

Չեմ վախենում և չեմ թաքցնում, ես դատավորի հետ չեմ խոսել։ Ես իմ հեռախոսը, որը շատերի համար տարօրինակ թվաց, տվել եմ քննություն իրականացնող մարմնին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրեք, այսինքն՝ վերականգնել են «Viber»-ը, «WhatsApp»-ը, անգամ իմ և կնոջս անձնական նամակագրությունը, իմ բանկային քարտի շարժը, երեխաներս ինձ նկարներ են ուղարկել՝ այդ նկարները։ Ամվողջը կա և տրամադրված է քննությանը։ Այն դեպքում, որ կարող էի չտալ և ասել՝ հեռախոսս կորել է։ Ես դատավորի հետ չեմ խոսել, դատավորների հետ առհասարակ չեմ խոսում։ Ես ունեմ դատավոր ընկերներ, ում հետ կարող է խոսեմ կենցաղային հարցերով»,- ասաց ԱԱԾ տնօրենը։

Նրա ավելացրեց նաև, որ գաղտնալսման ամբողջ նպատակը եղել է իր հրաժարականը։