Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում վիճաբանությունը կրակոցների չհասավ. հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում վիճաբանությունը կրակոցների չհասավ. հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ. shamshyan.com

Նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանները ծառայություն կատարելիս են եղել Վերնիսաժի տարածքում, երբ նկատել են, որ մի խումբ երիտասարդներ վիճաբանում են և քաշքշում միմյանց:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ճիշտ կողմնորոշվելով՝ կարողանում են վնասազերծել կռվի մասնակիցներին և 3 հոգու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Վնասազերծման ժամանակ ոստիկանները հայտնաբերել են «Բերետտա» տիպի մարտական ատրճանակ, ինչպես նաև ռուսական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Հետաքննիչի հանձնարարականով ճանապարհային ոստիկանները Mercedes մակնիշի ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխեցին ոստիկանության կետրոնական բաժնի հատուկ պահանվող տարածք: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Գոհ ենք, որ ոստիկանությունը տեղում կանխեց վիճաբանությունը, հակառակ դեպքում այն կվերածվեր ծեծկռտուքի և չէր բացառվում՝ տաք գլուխները կրակոցներ արձակեին ու մարդիկ տուժեին: Եթե ոստիկանությունը օպերատիվ չարձագանքեր, տարիներ առաջվա նմանատիպ դեպքի էինք ականատես լինելու, երբ կրակոցների արդյունքում մարդիկ տուժեցին, անգամ մարդ մահացավ»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com