ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու կարգը:
«Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.
1. սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին,
2. դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում 731 և ավելի օր բացակայած չլինի Հայաստանից,
3. դիում տալու դրությամբ վերջին չորս տարին հանդիսացած լինի միայն Հայաստանի քաղաքացի:
731 և ավելի օր բացակայությունը հարգելի է, եթե.
1) անձը հանրային ծառայող լինելով արտերկրում գտնվել է ծառայողական նպատակներով,
2) արտերկրում գտնվել է բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության նպատակով»,-Facebook-յան իր էջում գրել է Բիչախչյանը։
Նա նաև հավելել է, որ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը կարող է դիմել անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:
«Լիազորագիրը կարող է լինել հասարակ գրավոր ձևով. նոտարական վավերացումը պարտադիր չէ», – նշել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը։