Ընկերներն ասում են Ավետ Բարսեղյանի տեսակն իրապես հասկանալու համար պետք է լսել նրա բանաստեղծությունները։ Նոյեմբերի 25-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում Ավետն իր լսարանին կներկայանա իր բանաստեղծություններով։ Բեմում նա կլինի միայնակ։
Իմպրովիզների մեծ սիրահարն այս երեկոն կանցկացնի անսպասելիության սկզբունքով։ Գրված բոլոր բանաստեղծությունների թղթերը կլինեն բեմում։ Tert.am Life-ի հետ զրույցում հեղինակն ասաց, որ տեղում կորոշի որը կարդալ` կախված մթնոլորտից, ցանկությունից։
Ավետ Բարսեղյանը մինչև այս բանաստեղծությունների երեկոն ներկայացնում էր «Իմ լռությունը» խորագրով, այս անգամ ընտրել է «Մեր կյանքը», ունի նաև համանուն բանաստեղծություն։
Երեկոյի պոստերի վրա երկուսով են` ինքն ու 2-ամյա դուստրը` Լուսեն։ Փոքրիկի ներկայությունը պատահական չէ։ Հայրիկի երեկոյին նրա մասնակցությունը մեծ է։ Իր ծննդից հետո Լուսեն Ավետի ամեն բանաստեղծության մեջ է` ճիշտ այնպես, ինչպես պոստերում` անուղղակի։
«Երբ ես համեմատում եմ իմ գրվածքները մինչև Լուսեն ու Լուսեի ծննդից հետո, բավականին տարբեր են։ Լուսեն իմ կյանքը, տեսակն է փոխել։ Հիմա շատ ավելի հասուն եմ։ Կյանքի ամեն վայրկյանն այլևս անխնա չեմ ծախսում։ Հնարավոր ամեն րոպեն իր հետ եմ անցկացնում։ Ինքն է տնօրինում իմ ժամանակը»,- ասում է հայրիկը։
Այնուամենայնիվ, Ավետը շարունակում է ցույց չտալ դստերը։ Պոստերի համար հատուկ ֆոտոշարք չեն արել։ Ընտանեկան ալբոմից մի նկար է ընտրել, որտեղ Լուսեն և՛ կա, և՛ չկա։ Ավետն ասում է`չի ցանկանում երեխայի լուսանկարի հաշվին լայքեր ու հետևորդներ հավաքել, թեև ինքը հաճույքով է հետևում գործընկերների երեխաների լուսանկարներին։
Ամբողջությամբ՝ life.tert.am