Ամերիկյան Tesla ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը 2018թ. անվանել է «կարիերայի վատագույն տարին»՝ նկատի ունենալով Model 3 էլեկտրական մեքենայի արտադրության հետ կապված խնդիրները:
«Դա սարսափելի էր: Ճիշտն ասած՝ այս տարվա ընթացքում, ես կարծես հինգ տարով ծերացա: Կարիերայիս վատագույն տարին էր՝ անչափ ցավագին»,- Recode-ին տված հարցազրույցում ասել է գործարարը:
Մասկը խոստովանել է, որ հաճախ ստիպված է եղել շաբաթական 120 ժամ աշխատել Tesla-ի նախագծի վրա:
«Կար ժամանակ, երբ երկու ժամ քնում էի, հետո աշխատում, հետո քնում ու նորից աշխատում և այդպես շաբաթվա մեջ յոթ օր: Երևի 120 ժամ կամ դրա պես ինչ-որ խենթ բան: Այդքան աշխատելով՝ հալից ընկնում ես: Հիմա շաբաթական 80-90 ժամ եմ աշխատում»,- ասել է Մասկը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2018թ. Tesla-ի համար բավական ծանր է, քանի որ ընկերությունը չի կարողանում բավականաչափ Model 3 մեքենա արտադրել, ստացված պատվերներն առաքելու համար: Օգոստոսին ընկերությունը հայտնել է երկրորդ եռամսյակում ունեցած ռեկորդային՝ 771.5 մլն դոլար կորստի մասին: Մինչդեռ առաջին եռամսյակում Tesla-ն ունեցել էր 710 մլն դոլարի կորուստ: