Ես առհասարակ ոչնչից չեմ վախենում. Սոնե Սիլվեր. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ես առհասարակ ոչնչից չեմ վախենում. Սոնե Սիլվեր. life.panorama.am

Երգչուհի Սոնե Սիլվերը արդեն երկար ժամանակ է ինչ աշխատանքային նորություններով չի ներկայանում: Նա երբևէ չի դասվել այն երգչուհիների շարքը, որոնք ամեն ամիս նոր երգ ու տեսահոլովակ են ներկայացնում, իսկ դա այն պատճառով, որ Սոնե Սիլվերը երբեք երգարվեստը իր համար բիզնես չի համարել, ստեղծագործում է այն ժամանակ, երբ հասունանում է պահն ու զգում է դրա կարիքը:

«Իհարկե, պահ է գալիս, որ ինձ շատ եմ մեղադրում պասիվ գործելու համար, բայց ես չեմ էլ կարող անդադար ստեղծագործել, այդպես սեր ու հոգի չեմ դնի տվյալ ստեղծագործության մեջ, իսկ ես շատ եմ կարևորություն տալիս ներքին հոգեվիճակին, երբ ստեղծագործում եմ: Ինձ համար երգարվեստը բիզնես չէ, ես երբեք երգը չեմ ծառայեցրել ինձ: Ես կարող եմ ամիսներ շարունակ սպասել, որպեսզի զգամ՝ եկել է պահը ստեղծագործելու, այդ պատճառով էլ իմ երգերը մեկ ամսվա կյանք չեն ունենում, դրանք տարիներ շարունակ լսվում են և դա է վկայում, օրինակ, ութ տարի առաջ թողարկած երգի ներքո մինչ այսօր գրվող մեկնաբանություններն ու դիտումների ավելանալը»,- ընդգծեց Սոնեն:

Դիտարկմանը, թե հաճախակի ու երկարատև ընդմիջումները մոռացվելու վախեր չե՞ն առաջացնում, երգչուհին ընդգծեց.

«Ես առհասարկ ոչնչից չեմ վախենում: Թող անհամեստ չհնչի, բայց կարծում եմ՝ ամեն մարդ յուրովի է, մենք բոլորս յուրահատուկ ենք և կյանքում պետք է ապրել վստահ ու համարձակ: Իմ կյանքի կարգախոսներից է՝ երբեք ոչնչից չվախենալ, միշտ նայել առաջ ու լինել պոզիտիվ: Երբեք ուշ չէ որևէ բան ուղղելու մեր կյանքում: Գլխավորը՝ Աստծո կողմից ունենաս շնորհ, տաղանդ: Ես շատ մեծ երազանքներ ունեմ, որոնց 1%-ն անգամ չեմ արել, բայց չեմ հանձնվում ու ոչ էլ վախենում եմ չհասցնելուց: Ես վստահ եմ, որ հասնելու եմ երազանքներիս»:

Երգչուհին նշեց, որ այս պահին իր նոր երգի ու առաջին ձայնասկավառակի վրա է աշխատում:

«Թեև իմ ողջ գործունեության ընթացքում կարող էի արդեն մի քանի ձայնասկավառակ ունենալ, բայց միայն հիմա եմ դրա վրա աշխատում: Ինձ ոգեշնչեց դիջեյ Արտակը, ում հետ և համագործակցում եմ այդ ձայնասկավառակի շուրջ: Սա մեր համատեղ աշխատանքն է, միասին արդեն երկար տարիներ է, ինչ աշխատում ենք և պետք  ասեմ, որ մեր գործերը շատ լավ են ընդունվում հատկապես Ռուսաստանում և Ուկրաինայում»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ մեր երկրում երգիչ-երգչուհիները վերջին տարիներին շատ քիչ են ձայնասկավառակներ թողարկում՝ պատճառաբանելով, որ դրանք մեր օրերում այլևս շահութաբեր չեն, և հարցին, թե այդ տեսանկյունից Սոնեի համար որքանո՞վ շահավետ կլինի ձայնասկավառակի թողարկումը, պատասխանեց.

«Ես իսկապես շատ եմ ափսոսում, որ  մեզ մոտ ձայնասկավառակ թողարկելու ավանդույթը վերացել է, և դրա մեղավորը հենց ինտերնետն է: Բայց ձայնասկավառակը երգչի համար այցեքարտի նման մի բան է, դրանք, անկախ շահույթից, պետք է ստեղծվեն: Ինքս իմ բոլոր սիրելի արտիստների ձայնասկավառակներն ունեմ ու դրա համար շատ ուրախ եմ: Այս պահին ինձ չի հետաքրքրում իմ ձայնասկավառակը որքանով կվաճառվի, որքանով՝ ոչ»:

Վերջին երկու տարիների ընթացքում անընդհատ լուրեր էին շրջանառվում, թե Սոնե Սիլվերը ամուսնու հետ միասին պատրաստվում է ընդմիշտ մեկնել Հայաստանից: Այս մասին խոսելիս՝ երգչուհին նշեց.

«Ես այստեղ եմ՝ Հայաստանում, և պետք է շեշտեմ, որ անկախ ապրելավայրից՝ ես միշտ ստեղծագործելու ու աշխատելու եմ, երբեք չեմ հեռանա երգից, քանի որ այն իմ մեջ է, և երաժշտությամբ եմ ես լիարժեք»:

life.panorama.am