Կարծիքներ կան, թե «Արմենիա» հեռուստաընկերության «Նռան հատիկ» հեռուստասերիալը, որն արդեն մեկ տարի է, ինչ եթերում է, մոտենում է իր ավարտին: Սերիալում կատարվող սյուժետային կտրուկ փոփոխությունները, ըստ հետևորդների, հուշում են, որ այն շուտով կավարտվի: Իսկ որքանով են կարծիքները ճիշտ կամ սխալ, Life.panorama.am-ը ճշտել է անձամբ սերիալի պրոդյուսեր ու սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանից:
«Նման բան չկա, մենք դեռևս չենք մտածում հանգուցալուծման մասին, իսկ սյուժետային կտրուկ զարգացումներ մեր սերիալում գրեթե միշտ են լինում»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ սերիլաը մինչ Ամանոր հաստատ չի ավարտվի:
Խոսելով «Նռան հատիկ»-ում կատարվող զարգացումների մասին՝ Դիանա Գրիգորյանը նշեց.
«Անշուշտ, հանգուցալուծումների մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դեռևս հստակ չգիտեմ, իսկ սյուժետային զարգացումների մասին այս պահին դարձյալ բացահայտումներ չեմ անի, բայց նաև պետք է շեշտեմ, որ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում»:
«Նռան հատիկը» մեկ տարի է, ինչ եթերում է: Խոսելով այն մասին, որ մարդիկ հաճախ են քննադատում՝ ասելով, թե սերիալները երկարատև են, Դ. Գրիգորյանը նկատեց.
«Գիտեք, Հայաստանում շատ այլ սերիալներ կան, որոնք իրենց տևողությամբ գերազանցում են մեր արտադրություններին, բայց չգիտես ինչու՝ միայն մեր սերիալների վերաբերյալ են արտահայտվում, թե դրանք տարիներով են ձգվում, ինչն այդպես չէ: Իրականում ասեմ, որ վարկանիշային սանդղակն է ապացուցում, որ «Նռան հատիկի», ինչպես և նախկինում մեր արտադրության այլ սերիալների վարկանիշը բավականին մեծ է: «Նռան հատիկը» վարկանիշային սանդղակում առաջին հորիզոնականում է, իսկ դա խոսում է այն մասին, որ այս սերիալը դեռևս չի ձանձրացրել մարդկանց, այն չի սպառել իրեն: Գուցե մի հատված կա, որ պարտադիր պետք է քննադատի, բայց իրականում սերիալի նկատմամբ հետաքրքրությունը դեռ կա և շատ մեծ է, դերասաններն էլ լի են ավյունով և ուժով»:
Պրոդյուսերը չբացառեց, որ առաջիկայում նոր դերասաններ կարող են ավելանալ, քանի որ այս սերիալում հաճախ են դերասանական նոր համալրումներ լինում: Երբ «Նռան հատիկը» նոր էր մեկնարկել, Life.panorama.am-ի հետ զրույցում Դիանա Գրիգորյանը չէր բացառել նաև իր՝ որպես դերասնաուհի մասնակցությունը, սակայն այսօր մեզ հետ զրույցում նշեց.
«Դա շատ մեծ ու դժվար աշխատանք է՝ լինել և պրոդյուսեր, և սցենարի հեղինակ, և մասնակից դերասանուհի, ես դա զգացել եմ «Առաջնորդները» սերիալի ժամանակ, այդ պատճառով այս անգամ ես հրաժարվեցի ինձ նման կերպ գերծանրաբեռնել: Այնպես որ, այս սերիալում, որպես դերասանուհի, ինձ հաստատ չեք տեսնի»: